Ինչո՞վ է տարբերվում տղամարդու և կնոջ հոգեբանությունը միմյանցից: Ճիշտ չէր լինի ասել, թե կինը տղամարդուց ավելի լավն է կամ էլ, հակառակը: Պարզապես նրանք շատ տարբեր են, որն էլ ամերիկացի հոգեբանները բացատրում են նրանց գլխուղեղի տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:Հե
Տղամարդկանց գլխուղեղը մոտ հարյուր գրամով ավել է կանանց գլխուղեղից, և նրանց մեծ կիսագնդերի կեղևը պարունակում է երկու միլիարդով ավել նյարդային բջիջներ, սակայն դա նրանց ինտելեկտուալ ընդունակությունների վրա, որպես կանոն, չի ազդում: Օժտվածությունը նույնպես պայմանավորված չէ ուղեղի ընդհանուր քաշով, այլ` դրա առանձին հատվածների զանգվածով, սակայն գաղտնիք չէ, որ տղամարդիկ ավելի լավ են տիրապետում կոնկրետ, իսկ կանայք` հումանիտար գիտություններին: Տղամարդկանց և Կանանց սեռական կենտրոնները գտնվում են գլխուղեղի տարբեր հատվածներում. տղամարդկանց կենտրոնը կապված է տեսողական նյարդերի հետ, իսկ կանանց սեռական կենտրոնը` լսողական համակարգի հետ: Այստեղից էլ այն Ճշմարտությունը, թե «Տղամարդիկ Սիրում են Աչքերով, իսկ Կանայք` Ականջներով», ընդ որում, այդքան կարևոր չէ, թե ինչ է ասում տղամարդը, որքան` ինչպես է ասում: Միջինում տղամարդկանց 80-85%-ը ունեն տիպիկ տղամարդկային մտածելակերպ, իսկ մնացած 10-15%-ի մոտ կարելի է նկատել որոշ չափով արտահայտված կանացի հատկանիշներ: Դրա պատճառը Էմբրիոնի զարգացման վաղ փուլում Տեստոստերոնի պակասն է (հղիության 6-8 շաբաթվա ընթացքում): Կանանց 90%-ին բնորոշ է տիպիկ կանացի տրամաբանությունը, իսկ 10%-ին շատ կամ քիչ հատուկ է Տղամարդային տրամաբանությունը, որն էլ վկայում է Տեստոստերոնի ավելցուկի մասին:
Եթե տղամարդու մոտ հստակորեն առանձնացված են գլխուղեղի կիսագնդերի ֆունկցիաները, այսինքն ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանականմտածողության համար, իսկ աջը`վերացական, ապա կնոջ մոտ թե՛ աջը, թե՛ ձախը քիչ են տարբերվում միմյանցից: Որոշակի վերացական խնդիր լուծելու համար տղամարդու մոտ ակտիվանում է միայն աջ կիսագունդը, իսկ կնոջ դեպքում` երկուսն էլ: Օրինակ, երբ տղամարդը կարդում է, նրա մոտ ակտիվանում է գլխուղեղի միայն ձախ կիսագնդի մի փոքր հատված, մինչդեռ կնոջ մոտ ակտիվանում են երկու կիսագնդերի մի շարք հատվածներ: Տղամարդիկ ավելի լավ են ընկալում այն, ինչ տեսնում են, մինչդեռ կանանց տպավորությունների մեծ մասը կապված է խոսքի հետ: Ըստ միջին վիճակագրության, տղամարդն ու կինը ունեն մոտավորապես միևնույն IQ-ն: Սակայն, եթե կանայք հակված են ոսկե միջինին` IQ=100, ապա տղամարդկանց մոտ նկատվում է ինչպես գերբարձր ինտելեկտ, այնպես էլ մտավոր հետամնացություն: Աշխարհի ամենախելացի մարդկանցից ութից յոթը տղամարդիկ են, սակայն ութից յոթ մտավոր հետամնացները նույնպես տղամարդիկ են: Կանանց մոտ բավականին լավ է զարգացած երևակայությունը, որի արդյունքում երբեմն նրանց մոտ առաջանում են այնպիսի գաղափարներ, որոնք, տղամարդիկ լսելով, գլուխը բռնած փախչում են: Տղամարդը նախընտրում է լուռ մտածել` հայտնելով միայն վերջնական արդյունքը, իսկ կինը մտածում է բարձրաձայն, որը տղամարդու կողմից հաճախ ընկալվում է որպես շատախոսություն: Տիպիկ տղամարդկային հարց (երբեմն բարձրաձայն չարտաբերված). «Ե՞րբ է նա մտածում, եթե անդադար խոսում է>>:
Տղամարդն ընկալում և գնահատում է իրավիճակն ամբողջությամբ, մինչդեռ կինը շեշտն ավելի շատ դնում է մանրուքների վրա, սակայն, կենտրոնանալով մանրուքների վրա, նա կարող է չնկատել գլխավորը: Կանանց գլխուղեղի խոսքային կենտրոններում նեյրոնները 17%-ով ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ: Այդ պատճառով էլ աղջիկներն ավելի վաղ են սկսում խոսել, քան տղաները: Զարմանալի չէ, որ հասուն կանանց մոտ շփվելու պահանջմունքն ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Գիտնականները հաշվել են, որ կանանց խոսելու օրական նորման միջինում ութ հազար բառ է, (սակայն նա կարող է նաև 15 հազար բառ արտաբերել), մինչդեռ տղամարդկանց դեպքում` ընդամենը 3-4 հազար բառ: Հենց այս փաստն էլ հանդիսանում է շատ ամուսնական վեճերի պատճառ: Հուզական զրույցը կնոջ համար լիցքաթափման լավագույն միջոցներից է, մինչդեռ տղամարդը, հոգնած տուն վերադառնալով, նախընտրում է լուռ նստել հեռուստացույցի առջև: Կինը դա համարում է անուշադրության և հուզական սառնության նշան, որին էլ արձագանքում է անձնական վիրավորվածությամբ: Տղամարդն էլ, իր հերթին, չի հասկանում, թե ինչպես և ինչի շուրջ կարելի է այդքան երկար խոսել: Խոսակցության ընթացքում տղամարդն ավելի շատ կենտրոնացած է արդյունքի վրա, մինչդեռ կնոջ համար չափազանց կարևոր է նաև խոսակցության պրոցեսն ու շփման փաստը: Զրույցի ընթացքում կինն ավելի մեծ ուշադրություն է դարձնում զրուցակցի ինտոնացիային, դիմախաղին և ժեստերին: Նրա մոտ ավելի լավ է զարգացած ինտուիցիան և ապրումակցումը:
Կնոջ համար կարևոր է ոչ միայն լսել դիմացինին, այլև «զգալ>> նրան: Գեղեցկիկ սեռի ներկայացուցիչներին դուր է գալիս ակնարկներ որսալ: Նրանք հաճախ իրենց խնդրանքն անուղղակի են արտահայտում: Տղամարդիկ դժվարությամբ են հասկանում «թաքնված>> հարցը կամ խնդրանքը և կարող են ոչ մի կերպ չարձագանքել դրան: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հարցնել կամ խնդրանքն ուղղել ուղղակիորեն, առանց որևէ ակնարկի կամ ենթատեքստի: Սովորաբար ընդունված է կանանց հաճոյախոսություններ անել, քանի որ նրանք դրանց կարիքը շատ են զգում: Սակայն, հարկ է նշել, որ տղամարդիկ պակաս բարեհաճորեն չեն արձագանքում հաճոյախոսություններին, պարզապես նրանց արտաքին դրսևորումները ավելի թույլ են արտահայտված: Կինն ավելի երկար է ուշադրությամբ լսում, քան տղամարդը: Տղամարդը միջինում հակված է կնոջն ուշադրությամբ լսել ընդամենը տասից տասնհինգ վայրկյան, որից հետո կարող է պատասխանել` առանց տեղեկատվությունը ճշգրտելու: Կանայք ավելի նրբորեն են նկատում մարդկային փոխհարաբերությունները, ավելի զգայուն են նրբությունների հանդեպ, քան տղամարդիկ:
Եթե տղամարդկանց մոտ ավելի վառ է արտահայտված նպատակին, հաջողության հասնելու ձգտումը, ապա կանանց մոտ` շրջապատողների հետ ունեցած փոխհարաբերությունները: Տղամարդկանց ավելի շատ դուր է գալիս խոսել իրենց հաջողություններից, իսկ կանանց` անհաջողություններից: Սովորաբար կանայք չեն ծիծաղում այն կատակի վրա, որն իրենց հետաքրքիր չէ, մինչդեռ տղամարդիկ կարող են ծիծաղել նույնիսկ այն կատակի վրա, որն իրենց ծիծաղելի չէ, միայն թե չընդունեն և չդրսևորեն սեփական հումորի զգացումի բացակայությունը: Իննսունականներին կատարված բոլոր հետազոտությունները տղամարդկանց և կանանց առաջնային արժեքների վերաբերյալ ցույց տվեցին, որ տղամարդկանց 70-80%-ի համար կյանքում առաջնայինը աշխատանքն է, մինչդեռ կանանց 70-80%-ի համար` ընտանիքը: Տղամարդը միշտ իրեն գնահատում է աշխատանքից ու ձեռքբերումներից ելնելով, իսկ կնոջ ինքնագնահատականը հաճախ կախված է միջանձնային հարաբերություններից: Տղամարդն ուզում է հաջողության հասնել միաժամանակ կյանքի տարբեր ոլորտներում, այդ պատճառով էլ չի կարողանում իրեն դրսևորել կոնկրետ մի բանում, այդ թվում` սիրո մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ գերակշռում է խառնվածքի խոլերիկ տիպը: Հենց նրանց է բնորոշ կամային ռեակցիաների բուռն դրսևորումները, եռանդունությունը, անհամբերությունը, ագրեսիվությունն ու համառությունը: Կանանց ավելի բնորոշ է սանգվինիկային և մելանխոլիկային խառնվածքները: Նրանց հատուկ է շարժունությունը, զգացմունքների բուռն արտահայտումը, տրամադրության հաճախակի փոփոխությունները:
Կինը, որպես կանոն, ագրեսիվ է միայն այն դեպքում, երբ իրեն դժբախտ է զգում: Տղամարդկանց դուր է գալիս, երբ իրենց հաջողվում է դրսևորել կամքի ուժ, դիմացկունություն և այլ «ուժային հատկանիշներ>> կամ էլ բացառապես ինտելեկտուալ կարողություններ, մինչդեռ կանայք ավելի հակված են այն ամենին, ինչը կապված է մարդու և նրա ներաշխարհի հետ: Կնոջ ինքնազգացողության վրա դրական աղդեցություն են թողնում տղամարդու խոսքերը, քնքշանքը, հպումները: Նրան ավելի շատ, քան տղամարդուն, հատուկ է ներըմբռնողությո ւնն ու ինտուիցիան: Տղամարդու մոտ զգացմունքներն ավելի վառ են արտահայտվում, երբ նա տեսնում է կնոջ գեղեցկությունը, հպվում է նրա մարմնին: Հայրական բնազդը տղամարդկանց մոտ ավելի թույլ է զարգացած, քան կանանց մոտ մայրականը: Պատահական չէ, որ աղջիկները մանկության տարիներին բազմաթիվ խաղալիքներից նախընտում են հենց տիկնիկի հետ խաղալ, մինչդեռ տղաները` ինքնաթիռների, մեքենաների և այլն: Տղամարդիկ կանանցից ավելի համբերատար են, երբ իրենց զուգընկեր են փնտրում կարճաժամկետ հարաբերությունների նպատակով, սակայն ավելի բծախնդիր են ամուսնության նպատակով զույգ ընտրելու դեպքում: Կանայք իրենց սիրված և երջանիկ են զգում, երբ շփվում են իրենց զույգի հետ դեմ առ դեմ, մինչդեռ տղամարդիկ հուզական մտերմություն են զգում հատկապես այն ժամանակ, երբ աշխատում, խաղում կամ խոսում են միմյանց հետ` իրար կողքի նստած: Տղամարդն ու կինը իրար մեջ հենց իրենք իրենց են սիրում. կինը սիրում է, որովհետև տղամարդն է իրեն սիրում, տղամարդն էլ սիրում է, որովհետև կինը նրան սեռական հաճույք է պատճառում:
Մինչ տղամարդու հետ սեռական կապ ունենալը, կինն ուզում է հասկանալ` սիրու՞մ է արդյոք նրան, իսկ տղամարդը դա կարող է հասկանալ (սիրում է կնոջը, թե ոչ) նրա հետ սեռական կապ ունենալուց հետո: Դրա պատճառն այն է, որ կնոջ նպատակը սերն է, իսկ սեքսը` միջոց, մինչդեռ տղամարդու համար սեքսն է նպատակ հանդիսանում, իսկ սերը` միջոց: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, սեռերի ընկալման և վարքային տարբերությունները շատ հաճախ պայմանավորված են լինում նրանց գլխուղեղի կառուցվածքային առանձնահատկություններով: Սակայն շատ բան կախված է նաև մշակույթից և դաստիարակությու նից: Ըստ էության, տղամարդիկ և կանայք սոցիալիզացիայի ընթացքում որոշ անձնային հատկանիշներ զարգացնում են, որոշ հատկանիշներ էլ` ճնշում: Սեռադերային ծրագրավորումը հանգեցնում է մարդու սեռին համապատասխան վարքային կարծրատիպի առաջացմանը: Օրինակ, նման կարծրատիպերից է այն, որ «իսկական» տղամարդը պետք է լինի ռացիոնալ, աշխատասեր և հաջողակ:
Նա չպետք է հուզական լինի և հետևի իր ինտուիցիային, ինչպես նաև պետք է հազվադեպ խոսի իր հույզերի և զգացմունքների մասին: Գովելի է համարվում, երբ տղամարդը հաջողակ է ճշգրիտ գիտություններում և կարողանում է տրամաբանորեն մտածել: Ընդունելի է, երբ տղամարդն իր մեջ այնքան էլ չի զարգացնում ուրիշների և սեփական անձի մասին հոգ տանելու կարողությունը (ճաշ պատրաստել, տուն մաքրել, ուշադիր լինել ուրիշների կարիքների հանդեպ և այլն): Ավելի մեծ ուշադրություն է հատկացվում նրա ուժի և գործնական հատկանիշների զարգացմանը: «Իսկական» կնոջ կարծրատիպում այդքան էլ չի գնահատվում տրամաբանական մտածողությունը, ինքնուրույնությունն ու ընտանիքում ֆինանսական կյանքի կազմակերպման կարողությունը: Կանանց սովորեցնում են ճկուն լինել (կինը պետք է լրացնի ամուսնուն և ոչ թե հակառակը), հոգ տանի մտերիմների մասին (հատկապես ամուսնու), հետևի իր արտաքին տեսքին, զարգացնի ապրումակցումն ու ինտուիցիան: Ամենից առաջ նա պետք է լավ տանտիրուհի և մայր լինի, այդ պատճառով ընդունելի է, որ նա այնքան էլ չզարգացնի իր տրամաբանական կողմն ու անօգնականություն դրսևորի որոշ հարցերում: Իհարկե, սրանք կանանց և տղամարդկանց սեռային դերերի ծայրահեղ դրսևորումներն են:
Իրականում ոչ ոք հարյուր տոկոսով չի համապատասխանում այդ դերերին: Մենք ավելի հակված ենք մտածել, որ կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ: Սակայն այս դեպքում ամենայն հավանականությամբ պատճառը թաքնված է ոչ այնքան գլխուղեղի կառուցվածքային տարբերության, որքան դաստիարակության մեջ:Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ կանանցից պակաս չեն կարողանում զանազանել այլ մարդկանց զգացմունքներն ու ներքուստ ապրումակցել նրանց, պարզապես նրանք չեն ցանկանում, որպեսզի շրջապատողները դա նկատեն, այդ պատճառով էլ չեն ձգտում զարգացնել այդ հմտությունները:Այսպիսով, հասկանալով կանանց և տղամարդկանց միջև առկա վերոնշյալ օբյեկտիվ տարբերությունները` կարելի է խուսափել միմյանց արարքներին խիստ գնահատականներ տալուց և ավելորդ սթրեսներից: