1in.am-ը գրում է.
Մոսկվայի արևմտյան Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած անկարգությունների սլաքն ուղղվում է մոսկվաբնակ հայերի ուղղությամբ: Օրերս ռուսաստանցի լրագրող, վերլուծաբան Մաքսիմ Շևչենկոն հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մեղավորը բողոքի ակցիաներին մասնակցող հայ սադրիչներն էին:
Նա հիշեցրել է «Ռուսկիե» շարժման առաջնորդ, Բիրյուլևոյի ակցիաների մասնակից, ազգայնական Դմիտրի Դեմուշկինի խոսքերն այն մասին, թե անկարգություններ հրահրողների շարքում սադրիչ հայեր են եղել:
«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց «Ռուսկիե» շարժման առաջնորդ, ազգայնական Դմիտրի Դեմուշկինի հետ, ով պարզաբանեց, թե կոնկրետ ինչ է ասել Բիրյուլևոյում հայկական հետքի մասին:
Նա նշեց, որ նման ձևակերպումներով հանդես է եկել Մաքսիմ Շևչենկոն, իսկ ինքը հայերին այդ ամբողջ իրադարձություններում չի մեղադրել: Նրա խոսքով՝ Բիրյուլևոյի ակցիային մասնակցել են նախկինում սադրանքների մասնակցած երկու հայեր, որոնք ակցիաներին բոլորից բարձր էին բղավում, իսկ նրանցից մեկը մասնակցել է նաև Մանեժնի հրապարակում տեղի ունեցած անկարգություններին:
«Նրանց անուններն են՝ Ալեքսանդր Ամելյան և Լևոն Արզումանյան: Լևոն Արզումանյանը եղել է նաև Մանեժնի հրապարակում: Բիրյուլևոյի ակցիայի օրը նրանք բղավում էին և սադրում մարդկանց: Սա է այն ամենը, ինչ ես ասել եմ. ես հայերի մասին այլ բան չեմ ասել»,- այսպես եզրափակեց իր խոսքը «Ռուսկիե» շարժման առաջնորդ Դմիտրի Դեմուշկինը՝ բառացիորեն չընդունելով, թե մեղավորությունը դնում են հայ ակտիվիստների վրա, բայց ակնարկելով այդ մասին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մոսկվայի արևմտյան Բիրյուլևո շրջանում տեղի են ունեցել աննախադեպ փողոցային զանգվածային անկարգություններ: Համայնքի բնակիչները բողոքի էին դուրս եկել ընդդեմ համայնքում աշխատող միգրանտների, որոնց ապօրինություններն արդեն, նրանցից շատերի պնդմամբ, լցրել են իրենց համբերության բաժակը: Վերջին կաթիլը հոկտեմբերի 10-ին էր, երբ անհայտ անձը Մոսկվայի հարավում դանակահարել է ռուսաստանցի երիտասարդ Եգոր Շչերբակովին իր իսկ ընկերուհու աչքի առաջ, ապա փախուստի դիմել:
Կիրակի օրը շրջանի բնակիչները դուրս են եկել փողոց՝ պահանջելով դեպքի շուտափույթ քննություն և բացահայտում: Այնինչ ժողովրդական հավաքը վերածվել է անկարգությունների՝ բազմությունը ներխուժել է բանջարեղենի մեծածախ վաճառակետ և «Բիրյուզա» առևտրի կենտրոն: Խուլիգանության հիմքով հարուցվել է քրգործ:
Անկարգությունների հետևանքով տուժել է վեց ոստիկան, իսկ մարդասպանը հայտնաբերվել է. նա ադրբեջանցի ներգաղթյալ է: