Aysor.am-ը գրում է.

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում բացվեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ- 4» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրից ժամանած մի շարք գիտահետազոտական ինստիտուտների երիտասարդ գիտնականներ հանդես կգան զեկույցներով` ներկայացնելով մոլեկուլային և բջջային կենսաբանության հեռանկարային ուղղություններին առնչվող իրենց գիտական աշխատանքները:

Կազմակերպիչների խոսքով` նման միջոցառումները կարևոր են առաջին հերթին գիտական փորձի փոխանակման ու նոր կապերի հաստատման տեսանկյունից:

Գիտաժողովի բացմանը կազմակերպիչները նշեցին, որ այն անցկացվում է արդեն չորրորդ անգամ և այս անգամ Հայաստան են ժամանել գիտնականներ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Նրանց զեկույցները գնահատվելու հատուկ կոմիտեի կողմից և գիտաժողովի վերջում տեղի կունենա մրցանակաբաշխություն:

Նշենք, որ «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ- 4» գիտաժողովը տևելու է երկու օր: Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Մոլեկուլային և բջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիան: Գիտաժողովը նվիրված է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել