Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի քննարկումն ընթացավ անցանկալի սցենարով: Ցավալիորեն պետք է փաստել, որ մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն խնդրի արծարծումը քննարկման այնպիսի հարթություն տեղափոխվեց, ինչն անկասկած մեզ պատիվ չի բերում:

Հանձնաժողովում կրքերը բավականին բորբոքվել էին, սակայն ոչ թե Արցախի պաշտոնական ճանաչման կարևորության ու դրա հետևանքով առաջ եկող ռիսկերի, այլ անձնական մակարդակում:

Ի հեճուկս ԼՂՀ իշխանությունների, ովքեր համարում են, որ Արցախի ճանաչման գործընթացը պետք է սկսել այլ կետից՝ տարբեր երկրներում երկրի ճանաչման բարդ գործընթացով, «Ժառանգություն» խմբակցությունը պնդում է, որ գործընթացի մեկնարկը պետք է տրվի Հայաստանի ճանաչմամբ:
Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցն ու այս պահին դրա նպատակահարմարության հարցը բազմիցս քննարկվել է, չփորձելով դիտարկման տակ վերցնել դրա առանձին դետալներ՝ այդուհանդերձ, երկու կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել:

Առաջին, ովքեր կարևորում են Արցախի միջազգային ճանաչման հարցը, պետք է ահռելի ու բարդ աշխատանք տանեն ոչ թե Հայաստանի կամ Արցախի ներսում, այլ միջազգային կառույցներում՝ անհատական աշխատանքով բոլոր այն երկրների հետ, որոնց հետ հնարավոր է ընդհանուր շահերի համադրմամբ հասնել Արցախի միջազգային ճանաչմանը:
Երկրորդ, երբեք ու երբեք չպետք է օգտագործել այս հարցը՝ ծառայեցնելու քաղաքական նեղ շահերին, իսկ այն, ինչը տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ նվազագույնը չստացված սցենարով ֆիլմ էր հիշեցնում՝ անկախ այն հանգամանքից, թե այդ օրինագծի հեղինակն իր առջև ինչ խնդիր էր դրել:

Որքան երկրի ներսում այս խնդիրը անհարկի շահարկման է ենթարկվում կամ փորձ է կատարվում այն ծառայեցնել նեղ շահերի, այնքան մենք հեռանում ենք միջազգային արենայում հաջողության հասնելու այդքան սպասված նպատակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել