Պատասխանում է հոգեբան Անուշիկ Պետրոսյանը:
Որպեսզի կարողանանք հստակ տարբերել սերը կապվածությունից, նախ և առաջ պետք է որոշակի պատկերացում ունենալ, կամ ավելի ճիշտ կլինի ասել` ծանոթանալ, ճանաչել, հասկանալ, բացատրել` ինչպիսի զգացմունք է «սեր»-ը: Այդ պատճառով ես կփորձեմ հնարավորին չափով նկարագրել այդ զգացմունքի էությունը, առանձնահատկություններն ու ազդեցությունն անձի գիտակցականի և հոգևոր աշխարհի վրա: Սիրո և կապվածության տարբերակման մեջ մոլորվելու հավանականությունը մեծ է: Մարդիկ շատ հաճախ նույնիսկ նույնականացնում են դրանք:
Ի՞նչ է սերը: Ինչպիսի՞ն է այն…
Սերը մարդու առաջնային պահանջմունքներից մեկն է: Այն մարդուն տալիս է պատասխան էներգիա և հոգևոր հարստություն:
Սիրո հիմնական և ամենակարևոր հատկությունը բազմակողմանիությունն է: Սերը կարողություն է, ձգտում ինքնակատարելագործման։ Այն մարդկային հարաբերությունների յուրահատուկ տեսակ է։
Սերը շոշափում է մեր անհատականության այն մասը, որն անծանոթ է մեզ: Մեզնից յուրաքանչյուրի մեջ թաքնված է սպանիչ դատարկության մասնիկ, որն ի վիճակի է մեզ քայքայել: Սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկու տառապանքների, երկու ոչ կատարյալ էակների հանդիպում: Սիրո մեջ մենք կիսվում ենք այլ մարդու հետ նրանով, ինչը տանջալիորեն չի հերիքում մեզ: Սերը հանգստություն չի տալիս, եթե նույնիսկ կորչում է հոգիների միաձուլումից առաջացած նախնական հիացմունքը, այն հուզում և ցնցում է մեզ` խորհրդավոր ձևով հյուսելով երկու ճակատագիրը միասնական սյուժեի մեջ, որը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:
Իսկական սերը խնդրանքով չի արտահայտվում . «Տուր ինձ այն, ինչ որ ունես դու, և ինչը չունեմ ես», այլ ավելի շուտ խոստովանությամբ . «Ինձ դուր է գալիս քո գտած, վերակենդանացման տանող ճանապարհը, այն, թե ինչպես ես հաղթահարում աղետը»:
Եվ այստեղ բոլորովին էլ կապ չունի «երկու կեսերի» մասին լեգենդը, որի համաձայն` սերը, միացնելով մեզ կատարյալ ամբողջության մեջ , այդպիսով մեզ երջանիկ է դարձնում:
Հենց նման պատկերացման մեջ է թաքնվում շատ ամուսնական զույգերի բաժանման պատճառը, երբ մարդը նկատում է, որ, չնայած սիրային հարաբերություններին, ամեն դեպքում կյանքից ինչ-որ անբավարարվածության զգացում ունի, նա կարող է որոշել, որ պարզապես չի գտել «իր կեսին» և պետք է փոխի զուգընկերոջը: Բայց դա, իհարկե, այդպես չէ: Իսկապես սիրել` նշանակում է խոստովանել. «Դու ինձ հետաքրքրում ես»:
Շարունակությունն` այստեղ



