Panorama.am-ը գրում է.
«Ես գերազանց հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, երկրի այլ բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ և մենք քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանը ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա նշեց, որ Հայաստանը ակտիվ մասնակիցն է միջազգային անվտանգության ապահովման գործընթացներում, այդ թվում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում:
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին նրա պաշտպանական նոր համակարգի ստեղծման գործում, աջակցում ՀՀ-ի ռազմական կրթության արդիականացմանը, որպեսզի այն համապատասխանի ամենաբարձր չափանիշներին»,-նշեց Ապատուրայը:
Նրա խոսքերով, իրենք համագործակցում են ՀՀ-ի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում և ՆԱՏՕ-ի և ՀՀ-ի համագործակցությունը հետագայում նույնպես շարունակվելու է:
Ջ. Ապատուրայը ասաց, որ իրենք ցանկություն ունեն ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և ինքը հստակ լսել է ՀՀ-ի ղեկավարությունից, որ ոչ մի խնդիր գոյություն չունի ՀԱՊԿ-ի անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջև:
Նրա խոսքերով, իրենք քննարկել են նաև միջազգային խաղաղապահ գործողություններում ՀՀ-ի մասնակցության հարցերը:
Ապատուրայը նշեց, որ իրենց համար շատ հստակ է, որ ՀՀ-ը ռազմավարական գործընկերության մեջ է գտնվում ՌԴ-ի հետ և դա ՀՀ-ի ինքնիշխան որոշումն է, սակայն ՀՀ-ն միշտ էլ բալանսավորված քաղաքականություն է վարել և ընդլայնել է համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ:
«ՀՀ-ը հավասարակշռված քաղաքականության շրջանակներում որոշել է քաղաքական և ռազմական համագործակցություն հաստատել նաև ՆԱՏՕ-ի հետ: Այստեղ «կամ-կամ» խնդիր չկա, կա «և-և» սկզբունք»,-նշեց Ջ. Ապատուրայը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ