Cosmo.am-ը գրում Է.
Հաճելի եղանակ, երաժշտություն, ոգեշնչում... Ա՜յ հենց հիմա ճիշտ ժամանակն է Hand Made-ով զբաղվելու: Անցնենք գործի, համ էլ մի փոքր առիթ կլինի գլուխ գովելու...
Պատրաստեց Գայանե Ասրյանը
Առօրյայի միապաղաղությունը կոտրել է պետք. արի նորարարություն անենք: Hand Made-ը հնարավորություն կտա քո ներսում կուտակված տպավորություններն ամբողջացնել: Եվ բացի դրանից` դու կունենաս քո իսկ ձեռքով պատրաստված իրեր, որոնք միշտ կուրախացնեն քեզ, կընդգծեն քո անհատականությունն ու երևակայությունը:
Չօգտագործվող հագուստից և կաշվից պատրաստված Hand Made-եր
Բնության զարթոնքն ամեն տարի Աստղիկ Հարությունյանին (Stellina handmade) նոր մտահղացումների առիթ է տալիս: Նա ստեղծում է հնարավորինս բնությանը մոտ զարդեր՝ բրոշներ (կրծքազարդ), ականջօղեր: Վերջին ժամանակներս նա զբաղվում է հատկապես թաղիքագործությամբ: Նրա աշխատանքներն աչքի են ընկնում գունային ճիշտ համադրությամբ: Հետաքրքիր է նաև, որ դրանք հնարավոր է կիրառել տարբեր նպատակներով՝ որպես մազակալ, հագուստի կամ պայուսակի մաս:
Աստղիկը խորհուրդ է տալիս տանն ունեցած հին կամ չօգտագործվող հագուստից և կաշվե իրերից հետաքրքիր Hand Made-եր անել: Կարող ենք վերցնել մի քանի գույնի և տարբեր գործվածքի կտորներ, կլորաձև կտրատել տարբեր չափսերով և ասեղի միջոցով գեղեցիկ համադրում ստանալ: Որպես ծաղկի առէջ՝ կարող ենք օգտագործել կոճակ կամ ուլունք:
Կախված նախընտրած ոճից՝ կարող եք որպես ականջօղի կամ շղթայի հումք օգտագործել գարեջրի կամ տարբեր ըմպելիքների մետաղյա փականները: Դրանք շատ հեշտությամբ կարող եք ծակել և կաշվե թելերի վրա համադրել տարբեր տեսակի և գույնի ուլունքների հետ (ականջօղի համար նախատեսված փականները և կաշվե թելերը կարելի է գնել կտորի խանութներից):
Կաշվե թելերից պատրաստված իրեր
Լուսինեի (Lucy bags) պայուսակները ստեղծվում են նվիրումով: Ամենապարզ պայուսակին անգամ նա նոր շունչ է տալիս: Իր պատրաստած պայուսակների, մատանիների, մազակալների համար նա կարևորում է նոր գաղափարի առկայությունը: Միշտ կարևորում է ստեղծագործելու ընթացքը, որի ժամանակ առաջ են գալիս նորանոր գաղափարներ: Hand Made-ով զբաղվելը Լուսինեի համար ոչ թէ նպատակ է, այլ՝ լիարժեքություն:
Լուսինեն այս գարնանն առաջարկում է կաշվի իրերի մեջ չօգտագործել ոչ շատ վառ գույներ: Յուրօինակ Hand Made ունենալու համար նա խորհուրդ է տալիս հելյունի միջոցով բարակ երկար կտրտված կաշվե թելերով գործել գոտիներ, թևնոցներ, գլխարկներ և տարբեր գույների համադրությամբ պայուսակներ: Դա երկար ժամանակ չի պահանջում, ինչպես նաև հնարավորություն է տալիս քո երևակայությամբ այն դարձնել անկրկնելի, նորաձև ու տպավորիչ:
Կոճակներով էկզոտիկ Hand Made-եր
Էկզոտիկ գույների համադրությունը Անի Ռաշոյանի (RashAni) համար տարերք է: Նա սիրում է գույներ և չի վախենում խելահեղ նորարարություններից: Անին մասնագիտությամբ գրաֆիկ-նկարիչ է և ցանկացած զարդ նրա համար արվեստի փոքրիկ գործ է: Նա հեշտ է բաժանվում իր պատրաստած զարդերից և հաճախ է ունենում հիացմունքի պահեր, երբ դրանք տեսնում է կրելիս: Ձեռքով պատրաստած իրերը կարող են փոխել շրջապատող աշխարհը՝ այն դարձնելով գունագեղ և խորհրդավոր:
Անին խորհուրդ է տալիս Hand Made անելիս չվախենալ և համարձակ լինել: Նա առաջարկում է ձեռքի տակ ունենալ տարբեր տեսակի կաշիներ, կավ, մետաղներ, ուլունքներ, կոճակներ և դրանցով ազատություն տալ երևակայությանը: Ամենաանշան թվացող իրը կարող է, ըստ Անիի, հետաքրքիր դետալ դառնալ և օգտագործվել պայուսակների, հագուստի գրագետ և յուրօրինակ մատուցման համար: Կարելի է տարբեր կոճակների միջոցով նորարարություն անել պայուսակների վրա, գունավոր կաշիներից ծաղիկներ պատրաստել և օգտագործել որպես հագուստի և տան ինտերիերի մաս: Համադրելով ամենատարբեր գույների կոճակներ` ստանում եք էկզոտիկ Hand Made-եր:
Տեսնու՞մ եք` որքան քիչ բան է պետք մեզ երջանիկ և ինքնավստահ զգալու համար: Պետք չէ մեր մտահղացումները քնեցնել, նրանց, թող ազատ ճախրեն...չէ՞ որ մի օր քո cosmo դստրիկը կարող է հպարտանալ, ինչո՞ւ չէ, նաև կրել քո պատրաստած Hand Made-երը: