Cosmo.am-ը գրում է.
Սեռական դաստիարակությունը նուրբ հարց է. ունիվերսալ միջոց չկա: Սկզբում այդ ծանր պատասխանատվությունը դրվում է ծնողների ուսերին, իսկ հետո, աննկատ կերպով, դերերն ասես փոխվում են:
Արդեն մենք ինքներս ենք ուղղումներ ու ավելացումներ մտցնում նրանց աշխարհընկալման և բառապաշարի մեջ:
Այստեղ միանշանակ մոտեցում լինել չի կարող. ամեն ծնող իր երեխայի դաստիարակությունն իրականացնում է յուրովի: Շատերի համար դա բաց թեմա է, և նրանք պատրաստ են ազատ քննարկել երեխաներին հետաքրքրող հարցերը, անգամ ապահովել անհրաժեշտ գրականությամբ:
Իսկ շատ ծնողների համար սեքսի թեման մնում է փակ ոչ միայն երեխայի մանկահասակ շրջանում, այլև մինչ խոր ծերություն:
«Որպես օրինակելի աղջիկ` Զառան, մինչև 15 տարեկան դառնալը, հեռուստացույցով ցուցադրվող սիրային տեսարանների ժամանակ շտապ գնում էր խոհանոց` անսպասելի հայտնված ծարավի զգացումից տանջվող հայրիկին ջուր հասցնելու, երբեմն էլ` մայրիկին կոնֆետ բերելու համար: Նրանց ընտանիքում, ինչպես մի ժամանակ Սովետական Միությունում, սեքս գոյություն չուներ:
Մի անգամ, արդեն ուսանողական տարիներին, երբ Զառայի մեծ եղբայրը մեկնեց գործուղման, նա միացրեց ինչ-որ ֆրանսիական մելոդրանա` պարբերաբար կադրում հայտնվող բաց կանացի կրծքի տեսարաններով և սկսեց դանդաղ, բայց վստահ քայլերով մոտեցնել ծնողներին այն փաստի գիտակցմանը, որ սեքս կա, և այն իրական է: Երբ որոշ ժամանակ անց եղբայրը գործուղումից վերադարձավ, ծնողներն արդեն դիտում էին նման ֆիլմերն առանց կարմրատակելու ու «այդ» մասերի ժամանակ ալիքը փոխելու, իսկ մայրիկն անգամ զրույցներից մեկի ժամանակ խորհրդավոր ձայնով հարցրեց տղային, թե ի՞նչ նորություններ կան սիրային ոլորտում »:
Այն, որ մարդիկ, իրենց հարաբերությունները պաշտոնապես ամրագրելուց հետո, ոչ միայն ամուսնական պարտք են կատարում, այլև կրքոտ համբուրվում են, զբաղվում տարբեր ձևի սեքսով ու փորձարկում զանազան դիրքեր, թերևս իսկական շոկ կլիներ ավագ սերնդի շատ ներկայացուցիչների համար:
«Ամուսնացած ու իր կյանքից կատարելապես գոհ Աննայի հայրիկը, աղջկա վզին չափից դուրս կրքոտ համբույրի հետևանքով գոյացած ներծծումը տեսնելով, մոտեցավ ու մտահոգված տոնով հարցրեց, թե ինչու՞ նա պսորիազի բուժմամբ չի զբաղվում: Աննան, շփոթված ու կարմրատակած, սկսեց բացատրել, որ դա պսորիազ չէ, և այդպես պատահում է, որբ երկու հոգի իրար շատ են սիրում: Հիմա արդեն կարմրեց հայրիկը, սակայն իր 25-ամյա` ընտանիքի մայր դստերը բարոյականի ու անբարոյականի մասին քարոզ կարդալուց զերծ մնաց ու սահմանափակվեց միայն «Այ, իսկ մե՜ր ժամանակ ...» դասական արտահայտությամբ: Բայցևայնպես, ապահովության համար Աննան ծնողներին այցելության գնալիս արդեն նախընտրում է փակ վզով բլուզներ ու խոշոր վզնոցներ, իսկ հայրիկը արդեն գիտե, որ այդպիսի «անամոթություններով» զբաղվում են անգամ ամուսինները իրենց սիրելի կանանց հետ»:
Երբեմն կատարյալ զավեշտական իրավիճակներ էլ են պատահում:
«Հասմիկը պատկանում է այն երջանիկ աղջիկների թվին, ում մայրիկը ոչ միայն ծնող է, այլև` ընկերուհի, ինչպես նաև` բավականին առաջադեմ հայացքների տեր կին: Ուստի, Հասմիկը փոքր տարիքում սեռական դաստիարակության կարիք որպես այդպիսին նույնիսկ չուներ, քանի որ նա ու մայրիկը կարդում էին այդ թեմայով նույն գրքերն ու ամսագրերը, և թվում էր, թե գտնվում են տեղեկացվածության միևնույն մակարդակի վրա: Ինչպես պարզվեց, մայրիկը փոքր-ինչ հետ էր մնացել: Մի անգամ նա զանգահարեց Հասմիկին հենց աշխատավայր ու հարցրեց. «Ինձ կասե՞ս, թե ո՞վ է Կունիլինգուսը»:
Հասմիկը զարմանքից կարկամեց, հետո հիշեց, թե որքան հերոսաբար էր հաղթահարել մայրիկը` տարիներ առաջ սեռական ինքնաբավարարման վերաբերյալ իր տված հարցին պատասխանելու փորձությունը: Հասկանալով, որ նա նման հերոսություն կրկնել չի կարող, նա պատասխանեց. «Մամ, զբաղված եմ: Մեր տանը ամսագիր կա, որի մեջ կարող ես այդ մասին կարդալ»: Մայրիկը չնահանջեց, քանի որ գտնվում էր աշխատավայրում և չէր ցանկանում սպասել մինչև օրվա ավարտը: Հասմիկն, այդպես էլ իր ամոթխածությունը չհաղթահարելով, կտրուկ պատասխանեց. «Չգիտե՛մ, մեկ ուրիշին հարցրու»: Մայրիկն այդպես էլ արեց, իսկ նրա գործընկերուհին պատասխանեց, որ բառը ծանոթ է, բայց չի հիշում կոնկրետ իմաստը:
«Դե լավ, մեր հաշվապահ Սամվելին կհարցնեմ, որ վերադառնա» ,- ասաց նա ու հրաժեշտ տվեց Հասմիկին: Մայրիկի օրն անցավ «կունիլինգուսի» նշանի ներքո: Մի քանի ժամ անց Հասմիկը, չկարողանալով զսպել հետաքրքրասիրությունը, զանգահարեց մայրիկին գրասենյակ, հետաքրքրվեց նորություններով: Պարզվեց, որ նրան այդպես էլ չէր հաջողվել պարզել խորհրդավոր բառի իմաստը, քանի որ Սամվելը, որն այդ «սրբազան» գիտելիքին տիրապետող միակ մարդն էր կոլեկտիվում, մայրիկի և իր գործընկերուհու` «Դե լա՜վ, չես ուզում ասել, գոնե ցու՛յց տուր» հորդորներին ոչ մի կերպ տեղի չէր տալիս:
Իսկ կան այնպիսի մեծեր, որոնք այդ ոլորտում իրենց ինքնազարգացման հարցին վերաբերվում են մեծ ոգևորվածությամբ ու հետևողականությամբ:
«Լիանայի ուսանողական ընկերները` Հայկն ու Սերգեյը, հաճախ էին իրենց հյուր գալիս:Մայրիկին տղաները շատ դուր էին գալիս և նա արդեն իր երազներում ամուսնացրել էր աղջկան նրանցից մեկի հետ: Երբ այդ մասին ուղղակիորեն հարցրեց Լիանային, վերջինս «բացեց» նրա աչքերն` ասելով, որ չի կարող այդ տղաների հետ ընկերությունից բացի ընդհանուր ոչինչ ունենալ, քանի որ նրանք .... միմյանց են սիրում: Մայրիկը տխրեց, հոգոց հանեց ու հեռացավ: Իսկ մի քանի օր անց, հարմար պահ ընտրելով, հարցրեց Լիանային, թե տղաներից ո՞վ է պասիվը, իսկ ո՞վ` ակտիվը...»:
Ծնողները տարբեր են, ոմանք իրենց սեռական կրթությանը վերաբերվում են լուրջ ու ձգտում լրացնել գոյություն ունեցող «բացերը», մյուսները ավելի քան տեղեկացված են այդ ոլորտում և միայն, ժամանակ առ ժամանակ, կարող են շոկի մատնող հարցեր տալ:
Կան այնպիսի ծնողներ, ում նրանց` արդեն պատկառելի տարիքի երեխաները զարգացնում են համարյա բռնի ուժով, իսկ ոմանք մինչ օրս համոզված են, որ առաջին հանդիպման ժամանակ սեքս անելը լինում է միայն ֆիլմերում, այն էլ`«դրսի»: Ու թերևս, այդ կատարյալ համոզվածությունը չարժե անգամ խաթարել: