1in.am-ը գրում է.

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Եգիպտոսի իշխանություններն անօրինական կերպով կալանքի տակ են պահում հարյուրավոր սիրիացի փախստականների, այդ թվում՝ երեխաների, որոնք ոստիկանական տեղամասեր են տարվում առանց ծնողների: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Միևնույն ժամանակ որոշ փախստականների սնունդ չի տրվում, նրանք չեն ապահովվում բժշկական օգնությամբ՝ պնդում են իրավապաշտպանները:

BBC-ի թղթակիցները հաղորդում են, որ երկու սիրիացի դեռահաս արտաքսվել են Լիբանան, որտեղ նրանք չունեն ոչ մի հարազատ՝ այն դեպքում, երբ նրանց ծնողները մնացել են Եգիպտոսում: Իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանում այս հաղորդագրությունները:

Եգիպտոսի կառավարությունը ոչ վաղ անցյալում սիրիացի փախստականներին մեղադրել է այն բանում, որ վերջիններս աջակցում են «Մուսուլման եղբայրներ» շարժմանը և մասնակցում են բողոքի ակցիաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել