Emedia.am-ը գրում է.
Բնության մեջ մեծ թիվ են կազմում մարդու համար մահացու թույները, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել բոտուլոտոքսինի հետ, որը հասարակության շրջանում հայտնի է նաև որպես Բոտոքս դեղամիջոց: Մինչ այժմ գիտնականներին հայտնի էր այս վտանգավոր սպտակուցային նեյրոտոքսինի ընդամենը յոթ տեսակ, սակայն երկարատև հետազոտություններից հետո հայտնաբերվել է ութերորդ՝ մարդու համար առավել վտանգավոր տեսակը, որի մանրամասները, հասկանալի պատճառներով, առայժմ գաղտնի են պահվում:
Բոտոքսի ներարկումները, որ պարունակում է բոտուլոտոքսինի չափազանց քիչ քանակություն, լայնորեն կիրառվում են ժամանակակից կոսմետոլոգիայում՝ դեմքի միմիկական մկաններին հասնող նյարդային ազդակները արգելափակելու և կնճիռների առաջացումը կանխելու նպատակով: Պարզ ասած՝ Բոտոքսը որոշ չափով կաթվածահար է անում մարդու դեմքը մինչև կես տարի ժամկետով, որից հետո անհրաժեշտ են լրացուցիչ ներարկումներ: Բժշկության մեջ օգտագործվում է բոտուլոտոքսինի առավել քիչ վտանգավոր տեսակը (A տիպ), որի մահացու դոզան կազմում է մարդու քաշի մեկ կգ-ի համար 0,001 մկգ: Այս պահին առավել թունավոր բոտուլոտոքսինի (D տիպ) մահացու դոզան կազմում է մարդու քաշի մեկ կգ-ի դիմաց ընդամենը 0,0004 մկգ:
Գիտնականների հայտնաբերած նոր նյութը կարող է սպանել հասուն մարդուն ընդամենը 0,000000002 գրամի դեպքում, եթե այն ներկարկվի, կամ 0,000000013 գրամի դեպքում, եթե այն ներշնչվի: Որպեսզի ավելի հասկանալի լինի. այս նյութի մեկ ճաշի գդալը, միջին չափի քաղաքի ջրամատակարարման համակարգ լցնելու դեպքում, կբերի այդ քաղաքի բնակչության մեծ մասի մահվանը:
Բոտուլոտոքսինը ամենաբարդ սպիտակուցներից մեկն է, որը սինթեզավորվում է կենդանի օրգանիզմի՝ Clostridium botulinum մանրէի կողմից: Նրա քաշը կազմում է 150.000 ատոմային միավոր, ինչը երեք անգամ գերազանցում է մյուս սպիտակուցների մեծ մասի քաշը: Թույնի ազդեցությունը օրգանիզմի վրա արտահայտվում է առաջին հերթին նյարդային համակարգի աշխատանքի խափանմամբ: Այն հարվածում է սրտի նյարդային կենտրոններին, գանգի նյարդերին, կմախքային մկաններին, ինչի արդյունքում խախտվում են թթվածնի փոխանակման պրոցեսները, առաջանում է շնչառական ուղիների ասֆիքսիա, շնչառական մկանների ու սրտամկանի պարալիչ:
Քանի որ գիտնականների հայտնաբերած նեյրոտոքսինը հասարակության համար լուրջ վտանգ է ներկայացնում, իսկ հակաթույն, որը կարող է արգելափակել նրա ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա, բնության մեջ առայժմ գոյություն չունի, հետազոտողներն իրենց գյուտի բոլոր մանրամասները ծայրահեղ գաղտնի են պահում: Թող այդպես էլ մնա: Սարսափելի է պատկերացնելն անգամ՝ ինչ կլինի, եթե այդ թույնը հայտնվի մեծաքանակ ահաբեկչական կազմակերպություններից մեկի մոտ: