ԿԳՆ գերակա խնդիրը. 5-6 տարեկան երեխաների 70 տոկոսն արդեն ընդգրկված է նախադպրոցական ծրագրերումPanorama.am-ը գրում է.

Կրթության համակարգում առաջին օղակը նախադպրոցական կրթությունն է, ինչը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում: Նախարարությունը նպատակաուղղված պետական քաղաքականություն է վարում այս հարցում, ասում է ԿԳՆ Հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի ավագ մասնագետ Հասմիկ Նիտոյանը:

Վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն` նախադպրոցական կրթությունը տարանջատվեց կրթության ընդհանուր համակարգից և հանձնվեց համայնքներին: Նախկինում այն պետական հոգածության ներքո էր: Այդ ժամանակաշրջանը մի շարք խնդիրներով էր բնորոշ` ծնողների վերաբերմունքը նախադպրոցական կրթության նկատմամբ, նրանց զբաղվածությունը, նյութական բազայի համալրման, նոր մանկապարտեզների հիմնադրման խնդիրներ և այլն: Նախադպրոցական կարթության կազմակերպման հարցում համայնքների լիազորությունների ու պարտականությունների հստակեցման խնդիր կար և այլն:

Ի՞նչ է արել այս ընթացքում Կրթության և գիտության նախարարությունը նախադպրոցական կրթության կազմակերպման և որակի բարձրացման հարցում, ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել, ի՞նչ թիրախներ են ընտրվել ու ինչպիսի՞ բացեր դեռ կան: Panorama.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է Հասմիկ Նիտոյանի հետ:

Համայնքներն են իրականացնում նախադպրոցական կրթության ապահովման գործընթացը, պետությունն աջակցում է

Մասնագետը նկատեց, որ որքան էլ պետությունն աջակցում է, համայնքներն իրենք են իրականացնում նախադպրոցական կրթության ապահովման գործընթացը:

Նա նշեց, որ օրենք չկար, որը կհստակեցներ նախադպրոցական ցանցի ամրանդման, կայունացման և հետագա զարգացման վերաբերյալ խնդիրները: Այս ամենը հաշվի առնելով, Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, 2005 թվականին ընդունվեց օրենք, ինչպես նաև` «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագիրը», որում ներկայացված էին ներկա վիճակն ու մարտահրավերները: Առկա է նաև կրթության զարգացման պետական ծրագիր 2011-2015 թթ համար, որտեղ որպես բաղադրիչ տրված են նաև նախադպրոցական կրթության զարգացման հիմանխնդիրները:

Նախարարությունը համագործակցել է նաև միջազգային հասարակական կազմակերպություների, կառույցների հետ, որոնք աջակցում են ռազմավարական խնդիրների շրջանակներում նախադպրոցական կրթության զարգացմանը:

«Մենք սկսեցինք բովանդակայինից` չափորոշիչների մշակում, հաստատում, պետբյուջեում ներառված կրթական ծրագրեր, իրավական դաշտի կարգավորման խնդիրների լուծմանը ձեռնամուխ եղավ նախարարությունը: Տնօրեններին ձեռնարկներ տրվեցին, օրինակելի կանոնադրություն մշակվեց և գործընթացը դեռ շարունակվում է»,- ասաց նա:

Գերակա խնդիր. 5-6 տարեկան երեխաների ընդգրկումը նախադպրոցական ծրագրերում

Նախարարությունը գերակա խնդիր է համարել հատկապես 5-6 տարեկան երեխաների ընդգրկումը նախադպրոցական ծրագրերում, քանի որ դա այն վերջին տարիքն է, որից անցում են կատարում տարրական ուսուցմանը: Բոլոր աշակերտների համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու խնդիր է դրել: «Նախադպրոցական կրթության վերաբերյալ ռազմավարական ծրագրով մենք նախատեսել ենք, որ 2016-ին արդեն պիտի 90 տոկոս ընդգրկվածություն լինի, մենք արդեն հաղթահարում ենք այդ շեմը: Այս տարի արդեն 70 տոկոս ընդգրկվածություն ունենք: Ուրիշ խնդիր է, որ այդ շեմը հաղթահարենք, պիտի անցնենք մյուս տարիքային խմբերին: Մենք ստանում ենք պարբերաբար տվյալներ և երեխաների թվի, և պայմանների, ծրագրերի և այլնի մասին»,- տեղեկացրեց նա:

Նախադպրոցական կրթության կազմակերպման նոր և այլընտրանքային մոդելներ

Նախարարությունը նախադպրոցական կրթության կազմակերպման համար նոր և այլընտրանքային մոդելներ է մշակել: «Նույնիսկ խորհրդային ժամանակներում մենք շատ համայնքներում մանկապարտեզներ չենք ունեցել: Մի շարք մանկապարտեզներ ֆիզիկական մաշվածություն ունեին, երկար տարիներ չէին աշխատել: Կրթության որակի և մատչելության ապահովման խնդիրը դրվեց: Մենք շահագրգռեցինք համայնքերին, նրանք էլ պիտի մասնակցություն ունենային, որ պատասխանատվությունն ու վերահսկելությունն ապահովեին: Նախադպրոցական հաստատություններ ստեղծվեցին նաև դպրոցական բազայի հիման վրա: Պետությունը տալիս էր 75 տոկոս աջակցություն, մնացած մասը համայնքների հաշվին էր արվում, երբեմն նաև ծնողներն են մասնակցում: Մեկնարկն ապահովվում էր, մյուս տարին արդեն իրենք էին շարունակում հոգալ խնդիրները: Այսպիսով, պայմաններ էին ստեղծվում, նյութական, ուսումնադիտողական բազայի համալրում, կադրերի վերապատրաստում, ծրագրերի և գրականության ապահովում, որ իրենք կարողանան շարունակել: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ուսումնամեթոդական ծրագրեր են մշակվում և տրամադրվում դպրոցներին: Մենք ամեն ինչ մատուցում ենք, մնում է դաստիարակը վերցնի ու աշխատի»,- ասաց Հասմիկ Նիտոյանը:

Մասնագետի խոսքով` այս նոր մոդելի շնորհիվ այն համայնքներում, որտեղ մանկապարտեզ չկար, դպրոցական բազայի հիման վրա ստեղծվեցին նախադպրոցական խմբեր: Դրանք արդեն դպրոցների ենթակայության տակ էին գործում: Որոշում ընդունվեց, որ այստեղ սովորող երեխաների ուսուցման ֆինանսավորումն արդեն անցնում է պետբյուջեի հաշվին, ի տարբերություն համայնքային մանկապարտեզներին, որ համայնքների ղեկավարների պարտադիր լիազորությունների շրջանակում էին:

«Դպրոցների բազայի հիման վրա գործողներն արդեն կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ միշտ խրախուսովում է այն տեղերում, որտեղ պահանջարկը մեծանում է: Այսինքն դրամաշնորհային ծրագրերը շարունակվում են: Որքան էլ ասում են, որ երեխաների թիվը նվազում է, մանկապարտեզ հաճախողների թիվը բավական մեծացել է: 200 ավելի դպրոցներում միկրոծրագրեր են իրականացվել և այդ հաստատություններն անցնել են պետբյուջեի ֆինանսների ներքո: Այս հաստատությունները միայն կրթական մասով են ծախսերը հոգում, դրանք կարճաժամկետ մոդելներն են, իսկ սնունդը ծնողների հաշվին է: Այս մոդելը, սակայն, քաղաքում այնքան էլ արդյունավետ չէ, քաղաքում պահանջարկը երկարաժամյա է: Բացի այդ, մենք հնարավորություն ենք տվել, որ նախադպրոցական կրթության տևողությունը լինի ըստ ծնողների պահանջի»,- ասաց Նիտոյանն ու հավելեց, որ բացի այս մոդելներից կա նաև ավանդական բուն մանկապարտեզը:

Նա նաև արձանագրեց, որ բազմաթիվ մանկապարտեզներ վերանորոգվում են` բարերարների, պատգամավորների, հովանավորների, համայնքների բյուջեից ներդրումների շնորհիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել