Hetq.am-ը գրում է.

Երբ 17 տարի առաջ ինձ բերեցին «Նուբարաշենի» կլոր գերեզմանոց ու գործով մյուս մեղադրյալի` մեկը մյուսին հակասող ցուցմունքներից վերջինի վրա 4 ամսում կայացրեցին մահվան դատավճիռ` առանց ապացույցների, հասկացա, որ սկսվեց երկար ու ծանր պայքար մինչև ՑՄԱՀ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ու ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ:

1996թ.-ից 7 տարի անընդմեջ գտնվում էինք փակ սենյակում 24 ժամ, չկար զբոսանք, արևի լույս, ճաղապատ պատուհանները մշտապես փակ էին երկաթե անհասկանալի, անմարդկային շերտերով, լույսն ընդհանրապես չէր թափանցում ներս: Ու չէիր հասկանում` երբ է Ողջերի աշխարհում լուսանում, երբ` մթնում: Հարազատների հետ տեսակցությունը երազանք էր, որն այդպես էլ չէր կատարվում: Ողջերի, այսինքն՝ Ձեր աշխարհից գրքեր, սնունդ չէր թույլատրվում:

Մահվան դատապարտվածները փորձում էին գոյատևել, ով` ինչպես կարող էր: Գոյատևելու իմ բանաձևով հիմա ուզում եմ կիսվել մարդկանց հետ: Ինձ փրկեց Աստված, իմ երևակայությունն ու կարդալու հանդեպ սերը:  

Պատկերացրեք, սկսեցի երևակայել, թե գտնվում եմ ոչ ավելի, ոչ պակաս տիեզերանավի մեջ, իսկ նավից դուրս սև տարածություն է, անծայր տիեզերքը, չկա ցերեկ ու գիշեր, չկան մարդիկ, կյանք չկա, չկան ձայներ, կա միայն իմ առաքելությունը` ուսումնասիրել գիտություններ: Սա միակ ելքն էր չխելագարվելու: Կարդում էի` ինչ ձեռքս ընկնում էր, գրադարանի հին, խոնավ, պատառոտված գրքերը: Ունեի նաև փոքր-մեծ ուրախություն: Դա լինում էր այն ժամանակ, երբ մի նորմալ գիրք էի կարողանում ճարել գերեզմանոցում:

Այս ամենի մասին ես դեռ կգրեմ իմ երրորդ գրքում: Իսկ մինչ այդ նորից բաց նամակով դիմում եմ որոշումներ կայացնողներին:  

 ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ քաղաքացիներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ԱՆ Հրայր Թովմասյանին

ԱԺ պատգամավորներին

Նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

Հարգարժան նախագահ պարոն Սերժ Սարգսյան, անցած ութ համաներումները մշտապես շրջանցել են 1990-ականների ամենաթողության տարիներին պատժի առավելագույն չափի դատապարտվածներիս: Այս անգամ էլ մենք՝ մահապատժի դատապարտվածներս, մնացինք լուսանցքից դուրս վիճակում: Բայց որևէ մեկը չի ցանկանում թերթել 20 տարվա փոշով պատված գործերը, որտեղ մեկ վկայի ցուցմունքով, առանց փորձաքննությունների, առանց ապացույցների դատավճիռեր կան, մահվան դատավճիռներ: Վկա՝ այստեղ՝ «Նուբարաշենի» 5-րդ հարկում նախորդ դարից նստած 18-20 տարեկան տղաները, նախկին շարքային զինվորները՝ առաջին դատվածությամբ, սարքովի գործերը, քաղաքական բանտարկյալները («Դրոյի» գործ և այլն):

Սակայն ո՛չ գործերի վերաբացում, ո՛չ դատական սխալների սրբագրում, ո՛չ պատժաչափերի վերանայում, ո՛չ ներում, ո՛չ համաներում, ո՛չ պայմանական վաղաժամկետի կիրառում, ո՛չ ռեժիմների փոփոխում, ո՛չ վերականգնում. ցմահ դատապարտյալները լուսանցքից դուրս վիճակում են:

Հիմա Ձեզ եմ հարցնում, հարգելի որոշում կայացնողներ. ինչքա՞ն է տևում ցմահ ազատազրկումը: Օրենքով մենք ունենք 20 տարվա պատժի սահմանագիծ: Այդ գիծը հատել է, եթե չեմ սխալվում, 5 մահապատժացմահական, բայց որևէ մեկի նկատմամբ չի կիրառվում պայմանական վաղաժամկետը: Փոխարենը՝ ի կատար են ածվում մահվան դատավճիռները:

Ինչպե՞ս են ի կատար ածվում 90-ականների մահվան դատավճիռները

Ոճրի և պատժի համաչափության մասին Քրիստոսն ասաց. «Այլևս չպիտի լինի ակն ընդ ակն, ատամն առ ատաման»: Բայց քրիստոնյա նորանկախ Հայաստանում՝ 20-րդ դարավերջին՝ հեռու-մոտ 90-ականներին, դատավորները շարունակում էին մահվան դատապարտել քաղաքացիներին: 1991թ.-ից այս կողմ Հայաստանում մահապատիժն, իբր, ի կատար չէր ածվում, սակայն փաստը մնում է փաստ: Հայաստանի անկախության հռչակումից և ձևականորեն մահվան վճիռները չկիրառելու հայտարարությունից հետո (մորատորիում էր հայտարարված) մահվան է դատապարտվել, եթե չեմ սխալվում, 56 դատապարտյալ, որոնցից 22-ը մահացել են բանտում` անմարդկային պայմանների հետևանքով: 22 տարվա անկախություն և 22 մահվան դատավճիռ: Մի՞թե իշխանությունները շարունակելու են լռել` հույս ունենալով, որ գերեզմանոցում հրաշքով ողջ մնացած 34-ն էլ կմահանան, և Հայաստանում մահապատժի բազմաչարչար թեման կփակվի-կգնա:

Հարգելի օրենսդիրներ, եղե՞լ է կամ կա՞, արդյոք, Հայաստանի 22 տարվա պատմության մեջ օրենք, որով նախատեսվեր քաղաքացուն դատապարտել մի պատժի, որը սահմաներ այն, ինչ նկարագրեցի հոդվածի սկզբում: Այսինքն՝ «Նուբարաշենի» բանտի 5-րդ հարկի երկաթբետոնե քառակուսի խցերում պահել դատապարտյալներին 1991թ.-ից սկսած` զրկված մարդ մնալու ու մարդ զգալու հնարավորությունից: Ուղիղ 14 տարի ընդհանրապես զրկել զբոսանքից՝ մաքուր օդ շնչելուց, բնական լույս տեսնելուց, հարազատների հետ հանդիպումներից, մարդավայել սննդից, հիգիենայի տարրական պայմաններից, նույնիսկ նորմալ գիրք կարդալուց: Կա՞, արդյոք, օրենքով նախատեսված նման անմարդկային պատիժ, որը մենք կրեցինք երկար տարիներ:

Հարգելի ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյան, Ձեր հայտարարած սկզբունքները ողջունելի են ու խիստ անհրաժեշտ, հատկապես՝ օրենքի առաջ բոլորի հավասարության մասով: Հավատում եմ՝ դրանք կկիրառվեն իրական կյանքում: Մինչ այդ, խնդրում եմ, ստեղծեք հնարավորություն վերաբացելու հին քրեական գործերը: Ինչո՞ւ պետությունը չի գնում դատական սխալները շտկելու ճանապարհով, այլ միայն համակարգի փլվող պատերին ծեփեր է անում համաներումների տեսքով, փոխարենը հիմնանորոգում սկսի դատաիրավական ոլորտում:   

Փախուստը բանտից

Լավ է, որ այս անգամ ծանր հանցագործությունների մեջ մեղադրված մարդիկ՝ 10-15 տարվա ազատազրկման դատապարտված, ևս կօգտվեն համաներումից՝ թեկուզ 6 ամսով կկրճատվի նրանց պատժի ժամկետը: Սակայն ավելի նվազ պատժաչափ ունեցող մի հոդված (Փախուստ բանտից՝ առավելագույնը 8 տարի ազատազրկում) դուրս է մնացել համաներման ցանկից:

Համաներումը չտարածվեց ՔՕ 355 հոդվածի վրա՝ փախուստ բանտից: Ընթերցողը թերևս գիտի, որ իմ խցակից, Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ, Շուռնուխի մարտերի հրամանատար Սողոմոն Քոչարյանի հետ երկու անգամ փախուստ ենք արել տարբեր բանտերից: Մենք փախչում էինք՝ չունենալով մեր ձայնը լսելի դարձնելու այլ ելք: Սակայն փախուստների համար նախատեսված առավելագույնը 8 տարվա ազատազրկումից մեզ դատապարտեցին 7,5-ական տարի ամեն փախուստի համար:

Մի շարք զարգացած եվրոպական երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, կալանավայրից փախուստն ընդհանրապես հանցանք չի համարվում: Դատապարտյալը լրացուցիչ պատիժ չի կրում: Մինչդեռ մեզ մոտ, երբ սպառվում են արդարադատությանը հասնելու բոլոր մեթոդները, և դատապարտյալները դիմում են այդ քայլին, դատախազությունը պահանջում է ամենախիստ պատիժը: Բնականաբար, մեր դատարաններն էլ հնազանդ կատարում են դատախազների պահանջերը: Մի պահ փորձեք ըմբռնել մտածելակերպի տարբերությունը՝ մեր, որ ազատասեր ենք համարվում, և եվրոպացիների, որ սահմանադրորեն ազատությունը մարդու բնական պահանջ համարելով՝ չեն զրկում մարդուն ազատ շնչելու իրավունքից, նույնիսկ` դատապարտյալին: Այսինքն՝ եթե նա կարողանում է իր ազատության բնական, առողջ պահանջն իրականացնել, նրան դրա համար չեն պատժում: Իրավունքի տեսակետից այս հարցը վերանայման կարիք ունի օրենսդրի կողմից, քանի որ այն հակասում է նաև մեր Սահմանադրությանը: Սակայն մինչ այդ մտածելակերպի մակարդակին հասնելը, կարծում եմ, որ դեռ շատ ժամանակ կպահանջվի:

Համարեք առաջարկ

Հարգելի ԱՆ պարոն Հրայր Թովմասյան, որպես ապագա իրավաբան, մի օրենսդրական անհամաչափության մասին եմ ուզում բարձրաձայնել: Տեսեք՝ գործող օրենքի համաձայն, մեր երկրում 18 տարին չլրացած քաղաքացին կարող է դատապարտվել առավելագույնը 10 տարվա ազատազրկման: Արդյո՞ք արդարացի է այս 10 տարվա շեմը այդպես կտրուկ բարձրացնել մինչև ցմահ ազատազրկում, երբ անձի 18 տարեկանն արդեն լրացել է: Այն էլ առաջին դատվածության պարագայում:

Ամփոփում

Պարոնայք իշխանավորներ, իրապես մարդասիրական քայլ կլինի, եթե անդրադարձ կատարվի այն երիտասարդների ճակատագրերին (գործերի վերաբացմամբ, պատիժների վերանայմամբ, դատական սխալների շտկմամբ, համաներումներով), ովքեր մահվան են դատապարտվել 18-20 տարեկանում, առաջին դատվածությամբ, վիճելի քրեական գործերով, մեկ-երկու վկայի տված ցուցմունքով, փնթի դատավճիռներով, տասնյակ տարիներ կրել են պատիժ սկսած հեռու-մոտ 90-ականներից:

Մհեր Ենոքյան

18-րդ տարին ցմահ բանտարկյալ`

«Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել