2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հայկ Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:
ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:
Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա խուսափում է քննությունից:
Հայկ Գեւորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ:
Հայկ Գեւորգյանը այս ընթացքում նաեւ մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ եւ ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաեւ Հայկ Գեւորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը եւ առաջարկվել այն զննության ենթարկել տեղում: Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել:
Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:
Շարունակությունն՝ այստեղ




