Emedia.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 16-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահները, ովքեր շնորհավորել են մրցանակակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 21 ուսանող և 18 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Ընթացիկ տարում հանձնաժողովն ընդլայնել է մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաև «Այբ» ավագ դպրոցը: Հանձնաժողովի որոշմամբ, այս տարի «գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել:

Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել