Emedia.am-ը գրում է.
Ստեփանակերտ: Վերածննդի հրապարակ: Վաղ առավոտ: Հրապարակի մի ծայրից մինչև մյուսը ձգվող սպիտակ գմբեթավոր տաղավարներում Արցախի տարբեր բնակավայրերի բարբառներով առևտուրն է եռում: Տոնավաճառի տեսարանը ամբողջացնում են խորովածի անուշ բույրն ու զուռնա-դհոլի ձայները:
Վերևից նայողին գյուղատնտեսական տոնավաճառը մի մեծ մրջնաբուն է հիշեցնում, որտեղ ամեն մեկը, գյուղի բարիքներով բեռնված, տաղավարից տաղավար է շտապում:
Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքից Ժիրայր Բարսեղյանն արդեն երկրորդ տարին է, որ իր աճեցրած միրգն ու բանջարեղենը գյուղատնտեսական տոնավաճառ է բերում: Այս տարվա բերքից գոհ է:
«Եթե այստեղ չբերեի, Կովսականում կամ Կապանի շուկայում կվաճառեի, բայց դե էս մասշտաբի չէր լինի իհարկե»,- ասում է Ժիրայրը, հավելելով, որ նման տոնավաճառները ցանկալի է տարին մի քանի անգամ լինեն:
Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի բնակիչները գյուղմթերքը հիմնականում իրացնում են Կապանի շուկայում, քան որ այն ավելի մոտիկ է, քան Բերձորը: Ժիրայրն ասում է, որ չնայած Կապանը Կովսականից ընդամենը 27 կմ է հեռու, բայց ճանապարհը լրիվ քանդված է:

Մոտ 150 տաղավարները և գյուղերից Ստեփանակերտ հասնելու դիզվառելիքը տրամադրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը: Ըստ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի՝ բերքի տոնն Արցախում կազմակերպվում է արդեն երկրորդ տարին և ի տարբերություն անցած տարվա 195 մեքենաների, այս տարի 340 մեքենա է գյուղմթերք բերել մայրաքաղաք: Տոնավաճառը կազմակերպելու վրա ծախսվել է մոտ 4-5 մլն. դրամ:
Մարտունու շրջանի Խերխան գյուղից փոքրամարմին Մարետա տատն մնացածների նման առևտրականի քաղցր լեզու չի բանեցնում և հատուկ էստի համեցեք չի կանչում: eMedia.am-ի հետ զրույցում նա ասաց, որ սովորաբար գյուղմթերքը գյուղում փոխանակում են բանջարեղենի հետ: Երբեմն էլ գյուղացիներով հավաքվում ու համայնքի մեքենայով սեզոնի գյուղմթերքը Ստեփանակերտի շուկա են բերում: Ըստ զրուցակցի՝ առևտուրն ավելի հաջող է մայրաքաղաքում, քան շրջկենտրոն Մարտունիում:
Հարցրի՝ գո՞հ է արդյոք այսօրվա վաճառքից և ի՞նչ է անելու չվաճառված ապրանքը: Մարետա տատն առանց վրդովվելու ասաց. «Ինչ արած, կտանեմ մեր տուն, մեր երեխեքը կուտեն»:
Ի տարբերություն Արցախի մնացած շրջանների, գյուղմթերքի իրացման հարցում ամենաշահեկան վիճակը Ասկերանի շրջանի գյուղացիներինն է: Նրանց սպառման հիմնական շուկան Ստեփանակերտն է, քանի որ մոտիկ է, և տրանսպորտն է մատչելի:

Այսպես օրինակ Ասկերանի շրջանից Վազգեն պապը պատմում է, որ Ստեփանակերտի շուկայում տեղի համար օրը վճարում է 300 դրամ:
«Օրա ա լինում լավ ա լինում, օրա ա լինում քիչ ա ծախվում, տարբեր ա լինում: Դե մեզ յոլա ա տանում թոշակի հետ: Սենց տոնավաճառները ձեռնտու են մեզ, գները նույնն են, կարող ա մի քիչ էլ հլա էժան, բայց շատ մարդ ա գալիս»,- բացատրում է նա:
Տոնավաճառի բացումից մի քանի ժամ անց, նույն շրջանի Նախիջևանիկ գյուղից Արաքսյա տատը մեզ հետ զրույցում ասաց, որ բերած գյուղմթերքից մնացել է միայն օղին ու նուռը, չնայած Ստեփանակերտի շուկայում վաճառվող 500 դրամի փոխարեն, ինքը 350 դրամով է վաճառում:
«Սենց տոնավաճառներ, որ տարին երկու անգամ լինեն լավ կլինի, իսկ եթե ամեն օր լինեն, վաբշե լավ կլինի»,-ժպտալով ասում է նա:
Արաքսյա տատը շաբաթական երեք անգամ իր աճեցրած կանաչեղենը և սեզոնային մթերքները բերում է Ստեփանակերտի շուկա: Ահա թե ինչ է պատմում Արաքսյա տատը ապրանքը գյուղից մինչև շուկա հասցնելու դժվարությունների մասին. «400 դրամ ավտոբուսին եմ տալիս, գումարած վեշի փող, դառնում է մի 800 դրամ, հետո 700 դրամ տաքսուն եմ տալիս, գումարած տեղի ու սայլակի փող: Մի օր շուկա գալը ինձ վրա մոտ 2000 դրամ է նստում, իսկ ես էդ ինչքան պիտի առևտուր անեմ, որ կարողանամ իմ ծախսերը փակեմ, հլա մի ձեթ, դրոժ ու զավառկա առնեմ ու տուն գնամ: Լինում ա նաև նենց, որ չի վաճառվում ստիպված մնում եմ հաջորդ օրն էլ առևտուր անում, վերջացնում ամեն ինչ հետո միայն տուն գնում»:

Մեր զրույցի ընթացքում հաճախորդներ էին մոտենում և հիմնականում նուռ գնում, բայց մեկ է, մինչև տոնավաճառի վերջն Արաքսյա տատը չկարողացավ սպառել ողջ նուռն ու օղին:Դա նշանակում է, որ նա նորից այդ ամենը հաջորդ օրը բեռնելու է գյուղի երթուղայինը, որ բերի շուկա:
Արցախյանի բերք ու բարիքի գույների ու բույրերի մեջ զգացվում էր տարօրինակ, բայց և միևնույն ժամանակ հաճելի մի բուրմունք: Արևելյան համեմունքների այդ բուրմունքը մեզ բերեց Քաշաթաղի շրջանի սիրիահայերի տաղավարի մոտ, որտեղ Ղամիշլիից Վարդան Պողոսը իր ընտանիքի ու ծանոթ սիրիահայերի հետ ավանդական սիրիական ուտեստներ էին վաճառում:
«Որ ասացին բերքի տոն է, որոշեցինք, որ անպայման պիտի մասնակցենք: Երկար մտածեցինք կոնկրետ ինչ բերենք և վերջը որոշեցինք սիրիական ավանդական խոհանոցը ներկայացնել: Չնայած այն բավականին դժվար է, բայց մեզ համար դյուրին է»,-ասում է Վարդանը՝ հավելելով, որ այնքան շուտ ամեն ինչ վերջացավ, որ իրենք էլ չհասցրին ոչինչ համտեսել:
Եվ իրոք, տոնավաճառի սկզբից սիրիահայերի տաղավարի մոտ հերթ էր և ես, որ անընդհատ պտտվում էի այդ շրջակայքում, սպասելով իմ բաժին ֆալաֆելին, այդպես էլ չհամտեսեցի, ինչպես և տաղավարը շրջապատած տասնյակ հաճախորդները:
Վարդանն այսպես է բացատրում մարդկանց հետաքրքրությունը սիրական խոհանոցի հանդեպ.
«Շատերը երևի ուզեցին փորձել, անսովոր է իրենց համար դա, տեսնենք, եթե էլի հարցրին, ուրեմն իրոք հավանել են»:
Չնայած հաճախորդների քանակին, Վարդանն ասում է, որ վաճառքից ստացված հասույթը անգամ ծախսերը չի փակել: Բանն այն է, որ ուտեստների համար բոլոր համեմունքները բավականին թանկ են և ձեռք են բերվել Սիրիայից ու Երևանից:
«Թանկ է, հա, բայց հաճույքով ենք դա արել»,-վստահեցնում է նա և շտապում ավելացնել, որ հաջորդ տարի էլ անպայման կմասնակցեն, բայց ճաշերի ավելի մեծ տեսականիով և ավելի կազմակերպված գործելաոճով:
Գյուղնախարարության տվյալների համաձայն՝ տանավաճառի ընդհանուր հասույթը կազմել է մոտ 100 մլն դրամ: Առաջատարը Քաշաթաղի շրջանն է, որը տոնավաճառում իրացրել է միջինը 30 մլն. դրամի մթերք:
«Իրականում տոնավաճառի թիրախային կետը հենց Քաշաթաղի շրջանն էր, քանի որ ի տարբերություն մնացած շրջանների, այնտեղի բնակիչները համար դժվար է բերքը իրենց միջոցներով հասցնել Ստեփանակերտ: Ամենալավը սպառվել է միսը, մոտ 7 տոննա, չնայած մտավախություն կար, որ չի սպառվի այդքանը: Համեմատաբար վատ է սպառվել մեղրը, իսկ էնպես, բոլոր մեքենաները համարյա դատարակ հետ են դառել»,-ասում է Ա.Խաչատրյանը:
Հնավոր է, որ նման տոնավաճառներ տարին մի քանի անգամ կազմակերպվի: Նախարարի խոսքով, պլանավորում են Նոր տարվա նախօրեին կազմակերպել միայն մսի տոնավաճառ: