Operativ.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, ժամանակը հատուկ ռեսուրս է: Եթե որևէ գործի համար ձեզ չեն բավականեցնում ֆինանսները կամ պահեստային տարածքները կամ էլ անձնական կապերը, նման դեֆիցիտը կարող եք լրացնել այլ ռեսուրսներով: Բայց եթե չի հերիքում անձնական ժամանակը, - գրում է psymag.am-ը, ապա մնում է միայն … ո՛չ, ո՛չ, միայն ոչ հուսալքվել: Առաջին հերթին խնդրին պետք է ավելի ուշադիր նայել:

Երբ ժամանակը չի հերիքում

Պատկերացրեք մարդու, ով ոչ մի բանի համար ժամանակ չունի: Ժամանակ չկա: Պետք է անել սա, պետք է անել նա, հետո` այս մի բանը, հետո` մյուսը… Անհայտ է, թե ինչից կարելի է սկսել և հաճույքն էլ մեծ չէ այդ կույտի մեջ փորփրելու:
Ժամանակ չկա ընդհանրապես: Պատկերացրի՞ք: Հավանաբար դուք էլ եք հայտնվել նման իրավիճակում կամ միգուցե հիմա էլ կարդում եք այս հոդվածը` հասկանալու համար, թե ինչպես կարելի է դուրս գալ արդեն առաջացած նման իրավիճակից` տարբերակելով կարևոր գործերը ավելի կարևորներից և գերկարևորներից:

Իսկ հիմա պատկերացրեք մարդու, ով իրոք քիչ ժամանակ ունի: Մարդ, ով գործ ավելի շատ ունի, քան ժամանակ, բայց կարողանում է ղեկավարել ժամանակի դեֆիցիտը: Ի՞նչ եք կարծում, նա կասի՞, որ ժամանակ չունի: Կամ կասի՞, որ քիչ ժամանակ ունի: Դժվար թե: Ավելի հավանական է` նա կասի, որ շատ աշխատանք ունի: Նա կասի այդպես և հանգիստ կանցնի աշխատանքի կատարմանը, հաշվարկելով, կավարտի աշխատանքը, թե` ոչ, իսկ եթե ոչ, ապա ի՞նչ կարելի է անել, եթե չհասցնի:

Առաջին դեպքում շատ գործ կար անելու, երկրորդ դեպքում` շատ աշխատանք: Ինչպես ասում են` զգա՛ տարբերությունը: Աշխատանքը ունի որոշակի տևողություն, իսկ գործերը` որոշակի քանակ, որոնցից շատերը կարող են ուղղակի մանր բաներ լինել, ասենք` հեռախոսային զանգ` 1 րոպե տևողությամբ, սակայն նման մի քանի մանրուքները հավաքվելով իրար գլխի կարող են ահռելի կույտի տպավորություն թողնել և գցել մարդուն շփոթմունքի մեջ: Անցնում ես մեկի կատարմանը, հետո մյուսի, հետո երրորդի ու արդյունքում շատ բաներ չես հասցնում:

Սովորաբար մարդն ի վիճակի է իր ուշադրության կենտրոնում պահել 5-9 օբյեկտ, լինեն դրանք տնօրենի աշխատակիցները, ցուցիչները ինքնաթիռների դիսպետչերի էկրանին, թե նշանառուի նշանակետերը: Փորձելով ավելին` մարդը ստիպված է լինում հսկայական ուժեր գործադրել, և ամենայն հավանականությամբ դատապարտվել անհաջողության ու ավելորդ և հյուծող անհանգստությունների: Դրա համար կարևոր է տարբերակել ժամանակի դեֆիցիտը ուշադրության դեֆիցիտից:

Սակայն, եթե այնպես է ստացվել, որ ձեր գլխին են թափվել ավելի շատ գործեր, քան կարող եք պահել ձեր գիտակցության մեջ, պետք չէ վստահել գիտակցությանը: Վերցրեք թուղթ և մատիտ ու գրի առեք ձեր գործերը` գիտակցության մեջ տեղ ազատելով առավել կարևոր բաների համար:

Պահեք օրագիր (կամ նման մի բան): Մի՛ ալարեք դրան ժամանակ տրամադրել: Փոխհատուցումը իրեն երկար սպասել չի տա:

Խմբավորե՛ք և համակարգե՛ք ձեր գործերը: Որպես օրինակ կարելի է նշել դպրոցի համակարգը, որտեղ դասարանում մեկ ուսուցիչ է և 30 աշակերտ: Դասարանում նստարանները դրված են 3 շարքով, 5 նստարան յուրաքանչյուր շարքում և երկու աշակերտ յուրաքանչյուր նստարանին: Ուսուցչի ուշադրությունը լիովին հերիքում է հետևել բոլորին:

Եվ վերջապես մի՛ գայթակղվեք «աշխատանքային տաժանակրի» կոչումով: Այն, որ դու ժամանակ չունես և ոչինչ չես հասցնում հազվադեպ է հարգանք ներշնչում: Ավելի շուտ` խղճահարություն: Ավելի հետաքրքիր է անհոգ արտաբերելը. «Եթե պետք է, ես ավելի շուտ էլ կավարտեմ աշխատանքը: Ժամանակի դեֆիցիտի հետ ես խնդիրներ չունեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել