Emedia.am-ը գրում է.
«Արարատ»-ը հաղթելով ՍՍՀՄ գավաթի խաղարկությունում՝ օրեր անց վերադարձավ առաջնության մրցելույթներին: Հերթական տուրում արդեն նորահռչակ գավաթակիրներին սպասվում էր դժվարին արտագնա խաղ ընդդեմ ուկրաինական «Շախտյոր»-ի:
Դոնեցկ քաղաքի «Շախտյոր» մարզադաշտում հավաքվել էին 45 հազար հանդիսականներ: Նրանք ներկայությամբ թիմերը դուրս եկան հետևյալ կազմերով.
«ՇԱԽՏՅՈՐ»- Դեգտյարով, Յարեմչենկո, Զվյագինցև, Բելոուսով, Գորբունով, Վանկևիչ, Վասին, Կոնկով, Ստարուխին, Դուդինսկի, Սաֆոնով:
«ԱՐԱՐԱՏ» - Աբրահամյան, Գևորգյան, Մեսրոպյան, Սարգսյան, Հարությունյան, Անդրեասյան, Բոնդարենկո, Իշտոյան, Պողոսյան, Մարտիրոսյան, Ղազարյան (Մարկարով):
Հանդիպման մասին կարդում ենք 1973 թվականի «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» պարբերականի հերթական համարում լույս տեսած «Գավաթակիր թիմի մեկ միավորը» խորագրով հոդվածը Ա. Բաբայանի հեղինակությամբ:
«Առաջնության երկրորդ շրջանի սկզբում Նիկիտա Սիմոնյանը մեկ առիթով նկատել էր. «Մենք ուկրաինական թիմերի դեմ խաղերում կորցրեցինք 6 միավոր, սակայն դեռևս երկու խաղում ունենք «Զարյա»-ի և «Շախտյոր»-ի հետ: Ով գիտե, հնարավոր է կարողանանք նրանցից միավորներ բերել»:
Դաշտի տերերն իրենց գրոհները հիմնականում կազմակերպում էին աջ թևով, որտեղ շատ ակտիվ էր գործում Դուդինսկին: Երկու անգամ նրանց հաջողվեց աօգտագործելով այդ թևը, վտանգավոր պահեր ստեղծել հյուրերի դարպասի մոտ:
Արարատցիները գործում էին վստահ, նրանց ընտրած մարտավարությունը, որը ոչ մեկ անգամ հաջողություն էր բերել տղաներին, կայանում էր այն պարզ եղանակի վրա, որ պետք է սառեցնել մրցակցի թափն ու գրոհների ուժը, ապա գցելով խաղի տեմպը, փորձել կազմակերպել հակագրոհներ: Չնայած նրան, որ «Շախտյոր»-ի գրոհների հաջորդականությունը հաճախ սարսափ էր ներշնչում, այդուհանդերձ, նրանցից միայն մի քանի դեպքերում ուկրաինացի ֆուտբոլիստներին հաջողվեց գրոհերն ավարտել վտանգավոր հարվածներով:
Դաշտի տերերը փորձում էին օգտագործել դարպասի գրավվման բոլոր հնարավոր եղանակները այդ թվում և հեռվից հարվածները, սակայն որոշ դեպքերում դրանք պարզապես հուսահատության հարվածի տպավորություն էին թողնում:
Երկրորդ խաղակեսը նույնպես սկսվեց հանքափորների ակտիվ գործողություններով: «Արարատ»-ը մտածված կերպով նրանց էր հանձնել դաշտի կենտրոնը, որտեղ առանձնակի ակտիվությամբ գործում էր թիմի ավագ Կոնկովը:
Այդ ընթացքում արդեն «Արարատ»-ը սկսեց ակվելի ակտիվ կերպով փորձել անցնել հակագրոհների: Դոնեցկի ֆուտբոլիստներն արդեն զգալով վերահաս սպառնալիքը, սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել թիկունքին: «Արարատ»-ն այդ ժամանակահատվածում հաջողությամբ հավասարեցրեց խաղի ընթացքն ու գնդակը մեծ արագությամբ մի տուգանային հրապարակից շարժվում էր դեպի մյուսը:
60-րդ րոպեին Անդրեասյանը բավականին վտանգավոր հեռահար հարված հասցրեց, որը միայն հրաշքով կարողացավ հետ մղել «Շախտյոր»-ի դարպասապահը:
Այդուհանդերձ, խաղի հիմնական ժամանակում թիմերից որևէ մեկին այդպես էլ չհաջողվեց հասնել հաջողության, իսկ 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ արարատցիները կարողացան վաստակել այդքան կարևոր 1 միավոր արտագնա խաղում»: