Emedia.am-ը գրում է.
Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա Մարկ Կնալին ու 33-ամյա Էլիզաբեթ Պեստերին, ովքեր մեղադրվում են երեխայի հետ անզգույշ վարվելու մեջ, ինչը կարող էր հանգեցնել երեխայի մահվանը: Գրեթե ողջ ժամանակը նրանք անցկացրել են Second Life խաղը խաղալով՝ մոռանալով հոգ տանել իրենց դստեր մասին ու բավարարել նրա պարզագույն պահանջները:
Հետաքննությունը ցույց է տվել, որ Մարկն ու Էլիզաբեթը գրեթե ամբողջությամբ հեռացել են իրական կյանքից՝ իրենց ողջ ժամանակն անցկացնելով Second Life խաղում: Այնտեղ նրանք աշխատել են, հանգստացել ու շփվել: Հետաքննիչները նշում են, որ նրանք անընդհատ գրել են իրենց դստեր խնդիրների մասին սոցիալական ցանցերում, սակայն փաստորեն, դրանով էր սահմանափակվում նրանց մասնակցությունը երեխայի դաստիարակությանը:
Առաջին անգամ խնամքի ամերիկյան մարմինները ուշադրություն են դարձրել այս զույգին 2012թ-ի հունիսին: Այն ժամանակ Սոցիալական ծառայությունների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել որոշ ժամանակով նրանցից վերցնել երեխային՝ թույլ առողջության և խիստ ցածր քաշի պատճառով: Որոշ ժամանակ անց երեխային վերադարձրել են ծնողներին՝ պայմանով, որ նրանք ամեն շաբաթ երեխային բժշկի մոտ կտանեն: Այն բանից հետո, երբ Մարկն ու Էլիզաբեթը սկսել են պարբերական կերպով բաց թողնել ստուգումները, միջամտել է ոստիկանությունը:
Գալով նշված հասցեով՝ ոստիկանները հայտնաբերել են զույգին սովորական զբաղմունքի՝ Second Life խաղի ընթացքում: Ընդ որում՝ Մարկը հանգիստ հայտարարել է ոստիկաններին, որ նրանք կարող են հեռանալ, քանի որ իր դուստրն արդեն մահացել է: Այդուհանդերձ՝ շինության ուսումնասիրության ժամանակ երեխային հայտնաբերել են, նա կենդանի է եղել, սակայն ծանր վիճակում: 2-ամյա երեխան կշռել է ընդամենը 6 կիլոգրամ, նա չի կարողացել քայլել ու գրեթե չի խոսել: Երեխային հերթական անգամ տարել են խնամքի օրգանները, իսկ ծնողներով զբաղվում է ոստիկանությունը: