1in.am-ը գրում է.

Ձգձգվող բյուջետային ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ում դեֆոլտին մնացել է ընդամենը 2 օր: Եթե դեֆոլտի կանխման համար որևէ միջոցներ չձեռնարկեն, այն կարող է հանգեցնել բանկային տոկոսադրույքների բարձրացմանը, ֆոնդային և արժութային շուկաներում անկայունությանը և համաշխարհային տնտեսության աճի նվազմանը, այսինքն` նոր համաշխարհային ճգնաժամի: Սա ըստ Համաշխարհային բանկի: 

Իհարկե ճգնաժամը չի անցնի նաև Հայաստանի կողքով: Եթե ԱՄՆ-ում մինչև հոկտեմբերի 17-ը համաձայնության չգան, դա կազդի ամբողջ համաշխարհային տնտեսության վրա: Առաջինն ու ամենաշատը կտուժեն աշխարհի երկրորդ և երրորդ տնտեսությունները` Չինաստանը և Ճապոնիան: Պատճառն այն է, որ այս երկրներն ունեն մեծ ծավալով ամերիկյան պարտատոմսեր և ԱՄՆ դեֆոլտի դեպքում մեծ կորուստներ կունենան:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այլ երկրների համեմատ մեր կորուստները համեմատաբար փոքր կլինեն, բայց մեր մասշտաբների համար` զգալի: Դոլարի էժանացումը կհանգեցնի պետպարտքի նվազման, քանի որ այն հիմնականում արտարժույթով է, իսկ ԱՄՆ դեֆոլտի դեպքում դոլարը կարժեզրկվի: Բայց մեծ սպառնալիք է այն, որ մեր բանկային համակարգը և ընդհանրապես ամբողջ տնտեսությունը դոլարիզացված է: Այսինքն` այս տեսանկյունից դոլարի արժեզրկման բերած կորուստները ավելի մեծ կլինեն, քան օգուտները:

Մեծ կորուսներ կունենան բանկային համարկարգը, տնտեսվարողները, բնակչությունը և այս ամենը կունենա շատ ավելի ուժեղ ազդեցություն և շատ ավելի կործանիչ կլինի, քան 2009թ.-ին սկսված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էր:

Հիշեցնենք, որ հանրապետականների և դեմոկրատների միջև հակասության պատճառով ԱՄՆ Կոնգրեսում դեռ չի ընդունվել ֆինանսական տարվա բյուջեն, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից: Չի բարձրացվել նաև պետական պարտքի շեմը, որը սահմանված է 16,7 տրլն ԱՄՆ դոլար:

Եթե պետական պարտքի շեմը չբարձրացվի մինչև հոկտեմբերի 17-ը, ապա ԱՄՆ-ին սպառնում է տեխնիկական դեֆոլտ:

Ամեն դեպքում, միջազգային ներդրողների մեծամասնությունը դեռ լավատես են և կարծում են, որ այս անգամ էլ կկրկնվի ԱՄՆ Կոնգրեսին բնորոշ սցենարը: Ամեն ինչ կլուծվի վերջին վայրկյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել