Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեզ հնարավորություն է ընձեռվում երկու բառացիկ դեպքերից որևէ մեկի մասին մանրամասներ իմանալ, որից առաջինը բացահայտում է երկու պետությունների միջև լարված հարաբերությունների պատճառները, իսկ մյուսը պատմում է Վան Գոգի ականջը կտրելու առեղծվածը: Եթե ձեզ առաջարկեն ընտրություն կատարել այդ երկու բացառիկ նորությունների միջև, դուք անկասակած կընտրեք առաջինը: Իսկ ո՞րն է այդ ընտրությունը կատարելու հիմնական շարժառիթը:
Երբ մենք ամեն ինչ չափից դուրս նյութականացնում ենք՝ դարձնելով իրական և շոշափելի, ապա այս դեպքում քաղաքականությամբ հետաքրքրվողներին ավելի մեծ հնարավորություն է ընձեռվում կայուն և տարողունակ կյանք ձեռք բերելու համար, քան նրանց, ովքեր իրենց կյանքը առանց օպերայի կամ Շիրազի բանաստեղծությունների չեն պատկերացնում: Եվ այստեղ մենք մեկմեկու մեղադրելու իրավունք կամ պետք չունենք, սա ժամանակի մեղքն է, քանի որ հենց նրա առաքինությունy հինը քանդելն է ՝ նորը կառուցելու նախապայմանով: Եվ այս դեպքում ժամանակը քանդել է այն գիտությունների ու բնագավառների կարևորությունն ու անհրաժեշտությունը, որոնք սերտ առնչություն են ունեցել մարդկային հոգու և էության հետ, քանի որ ժամանակի ընթացքում մարդը սկսել է նախապատվությունը տալ ոչ թե հոգևոր արժեքներին, ինչպիսիք են արվեստը իր բոլոր ճյուղերով (երաժշտություն, նկարչություն, պոեզիա, թատրոն և այլն) և կրթությունը առանց հաշվիչի կամ ՏՀՏ միջոցների առկայությամբ, այլ այն նյութականացված ու մարմնավորված ռեսուրսներին, որոնց օգնությամբ մարդ կարող է տեղ գրավել 21-րդ դարի կեղտոտ ու հոգով ընչազուրկ հասարակության ներսում:
Կյանքում դու քո անհատականությունը ավելի կընդգծես, եթե իմանաս, թե ո՞ր պետություններն են միմյանց միս ուտում, ովքե՞ր են սովի և քաղցի մատնված, ո՞ր ժողովուրդներն են գտնվում պատերազմի և անկայունության հորձանուտում, ով ու՞մ է փորձում սպանել կամ ոչնչացնել, ինչպե՞ս է ուժեղը բռի մեջ առել ու սեղմում անճարակ թույլին, ի՞նչ ճանապարհով կարող ես հասնել փառքի ու հարստության, ի՞նչ միջոցներով հնարավոր է խլել ախոյանից նրա բազմած աթոռը, ինչպե՞ս կարելի է սսկցնել ոտքի ելած ու ապստամբության նախապատրաստվող ազգին, որքա՞ն է տվյալ երկրի բյուջեն, ի՞նչ հարաբերություններ ունեն տարածաշրջանի ամենից աչքի ընկնող պետությունները միմյանց հետ, արդյո՞ք կլոր սեղանը կօգնի հարթեցնել երկու ախոյանների միջև ծագած անհավասարակշռված հարաբերությունները., ի՞նչ արժեքի կոստյում է կրում տվյալ քաղաքական գործիչը, կամ որքա՞ն է դոլարի կուրսը:
Քաղաքականությունը մարմնավաճառության պաշտոնական անվանումն է, որի շնորհիվ ճարպիկները հասնում են կատարելիության, իսկ ծույլերը դոփում են տեղում: 21-րդ դարը երկու ձեքով նախապատվությունը տալիս է այն մեխանիկին, ով իր ձեռքի տակ ունի նախօրոք պլանավորված ծրագիր ուրիշի տակը փորելու համար, քան այն արվեստագետին, ով օրուգիշեր քրտինք է թափում երկու տող ծնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/10/blog-post_14.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել