1in.am-ը գրում է.
Հնդկաստանում սոխի գինը սեպտեմբերին աճել է 323 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնում է The Indian Express-ը՝ հղում անելով կառավարության տվյալներին: Օգոստոսին երկրում սոխի գինն անցած տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 245 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերին բանջարեղենի գինը տարեկան կտրվածքով ավելացել է 89.37 տոկոսով: Մեկ ամիս առաջ նույն ցուցանիշը կազմում էր 77.81 տոկոս:
Սոխի կտրուկ թանկացման պատճառով Հնդկաստանում սղաճը բարձրացել է՝ հասնելով 7-ամսյա առավելագույն ցուցանիշին և սեպտեմբերին կազմել է 6.46 տոկոս: Սղաճի արագացման վրա ազդող մյուս գործոնը վառելիքի գնի սեզոնային թանկացումն է:
Հնդկաստանում երաշտը բացասաբար է ազդել բերքատվության վրա և հանգեցրել սոխի դեֆիցիտի: Դրա պատճառով այդ բանջարեղենի գինն օգոստոսին բարձրացել է՝ հասնելով մոտ 15 դոլարի և շարունակում է աճել:
Հնդկաստանի իշխանությունները սոխի բարձր արժեքի դեմ պայքարի համար արդեն սահմանափակել են այդ բանջարեղենի արտահանումը, ինչպես նաև ներկրում սկսել Եգիպտոսից, Չինաստանից և Պակիստանից:
Իրենց հերթին, շատ վաճառականներ սահմանափակում են սոխի մուտքը շուկա՝ փորձելով շահույթ ստանալ մշտապես բարձրացող գներից: Սոխի արժեքի բարձրացմանը նպաստող հավելյալ գործոն է բնակչության խուճապը: