Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի Բիրյուլևո շրջանում ոստիկանական շրջայցի արդյունքում 1200 ներգաղթյալ է ձերբակալվել. գրում է РИА Новости-ն` հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ քաղաքային վարչությանը: 

Ձերբակալվածներին ոստիկանություն են տարել հանցագործություններին ունեցած հնարավոր մասնակցության ստուգման համար: Նրանց թվում կան ինչպես տղամարդիկ, այնպես էլ` կանայք: Նրանց ձերբակալել են նախօրեին շուկայի մոտակայքում ծագած անկարգությունների ժամանակ: 

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: 

Միաժամանակ, անկարգությունների պատճառով ՌԴ Պետդուման հայտարարել է, որ մտադիր է արագ կերպով քննարկել աշխատանքային միգրացիոն հարցերը կարգավորող օրինագծերը: Ինչպես հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վասիլևը, մոտ ժամանակներս պատգամավորները մանրամասն վերլուծությունից հետո կմշակեն միգրացիոն խնդիրները կարգավորող «ճանապարհային քարտեզ»: Դրանց նպատակը Ռուսաստան ներգաղթողների քանակը կրճատելն է: Խոսքը, մասնավորապես, ներգաղթյալների համար աշխատանքային վիզա ներմուծելու հարցի մասին է: Դրանից բացի` առաջարկվել է աշխատանքային արտոնագրից զրկել այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունում անօրինական ներգաղթյալներին: 

Մոսկվայի քաղաքային դուման այս հարցով այսօր հատուկ նիստ է հրավիրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել