1in.am-ը գրում է.

Հայաստանյան դեղարտադրող ընկերությունները լիցենզավորված են և գործում են օրինական դաշտում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ հերքելով ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանի հայտարարությունը, որ, իբր, Հայաստանում դեղարտադրող ընկերություններից որևէ մեկը չունի սեփական դեղ արտադրելու թույլտվություն և չի կարողանում ստանալ «Ջի-Էմ-Փի» լիցենզիա: 

«Գոյություն ունեցող երեք՝ եվրոպական, ամերիկյան և ճապոնական «Ջի-Էմ-Փի» լիցենզիաներից հայաստանյան ընկերությունները դեղորայք արտադրելիս առաջնորդվում են եվրոպական հավաստագրման կարգով»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում լիցենզիա ունեցող 12 դեղարտադրող ընկերություններից ակտիվ գործում են 7-ը, և որ «Ջի-Էմ-Փի» լիցենզիա պետք է ունենան նաև այն հումքարտադրող ընկերությունները, որոնք դեղարտադրողներին համապատասխան նյութերով են ապահովում:

Ասուլիսի մյուս բանախոս, «Լիկվոր» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն էլ իր հերթին նշեց, որ «Ջի-Էմ-Փի» արտոնագրի գործընթացը շարունակական գործընթաց է: «Կառավարության՝ սեպտեմբերին կայացած նիստի ժամանակ ընդունվեց «Ջի-Էմ-Փի» լիցենզիայի մասին կանոնակարգը: Միաժամանակ, լիցենզիայի կարգի մեջ կան որոշակի դիրեկտիվներ, որոնք կարող են փոփոխվել»,- ասաց նա:

ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահի խոսքով՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է դեղագործական արտադրանքի 37,4 տոկոսի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ արտահանման ծավալներն անցած տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ ավելացել են 56,4 տոկոսով: «Հայաստանից դեղորորայք ներկայումս արտահանում է 4-5-ընկերություն՝ հիմնականում ԱՊՀ, ինչպես նաև երրորդ երկրներ»,- ասաց Զաքարյանը՝ հիշեցնելով, որ «Ջի-Էմ-Փի» լիցենզիան պարտադիր է դեղարտադրող բոլոր ընկերությունների համար՝ անկախ նրանից՝ ներքի՞ն, թե՞ արտաքին սպառման համար է նախատեսված դեղամիջոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել