Panorama.am-ը գրում է.
Ներկայումս Հայաստանում դատական իշխանությունը գործում է բացառիկ թափանցիկությամբ: Այդ մասին հանգստյան օրերին Աղվերանում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը:
Նշենք, որ սեմինարը, որը նպատակ ուներ ավելի հասանելի դարձնել դատաիրավական բարեփոխումների շրջանակներում կատարվող բարեփոխումները, կազմակերպել էր Իրավունքի հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը GIZ միջազգային կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ:
«Դատավորի ամբողջ աշխատանքը թափանցիկ է. Դատական ակտերը հրապարակային են, բոլորը կարող են կարդալ դրանք, ցանկացած անձ կարող է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն ուսումնասիրել, դատական նիստերի մասին ցանկացած տեղեկատվություն հասանելի է, այսինքն` դատարանն այսօր գործում է բացարձակապես թափանցիկ իրավիճակներում», -հայտարարեց դատավոր Մկրտչյանը:
Նման հրապարակային ու թափանցիկ աշխատանքի պարագայում, ըստ դատավորի, դատական նիստերի դահլիճում լրագրողների ներկայությունը չի կարող դատավորի համար զգոնացնող հանգամանք լինել: «Դատավորն ամեն օր գտնվում է թափանցիկ աշխատանքի մեջ, որովհետև այսօր տեխնոլոգիական միջոցները չեն կարող թույլ տալ դատավորին գործել գաղտնի», -հավելեց Արսեն Մկրտչյանը:
Լրագրողի` դատական նիստերին ներկա լինելը և դրանք լուսաբանելը, ըստ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի, պետք է ունենա մեկ նպատակ` հասարակությանը տալ հետևյալ հարցերի պատասխանը` ինչու և ինչպես դատարանը նման որոշում կայացրեց: Սակայն, Մկրտչյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնուամենայնիվ, դատական գործեր լուսաբանող լրատվամիջոցներում այդ «խորիմաստ» հարցերի պատասխանները չկան: «Ինչու այս կամ այն իրադարձությունը տեղի ունեցավ և ինչպես դատարանը որոշեց դա: Այդ հարցերը հասարակությունն է տալիս: Լուսաբանումների մեծ մասն այսօրվա դրությամբ չի պարունակում տեղեկություններ, թե ինչպես դատարանը որոշեց: Դատավորի խոսքը հասանելի չէ հասարակությանը: Դատավորը որևէ ձև, որևէ ելույթով, որևէ խոսքով իրավունք չունի հանդես գալ: Դատավորի կապը հասարակության հետ իր դատական ակտերն են, որի պատճառաբանության մեջ դատավորը գրում է, խոսում է: Սա է դատավորի խոսքը, իսկ լրատվամիջոցների գործն էլ դատավորի խոսքը հասարակությանը հասանելի դարձնելն է», -շարունակեց դատավորը` նկատելով, որ լրագրողը պետք է կամուրջ լինի հասարակության և արդարադատության միջև:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ