1in.am-ը գրում է.
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է էլեկտրոնային փոստը լրտեսումից պաշտպանելու հատուկ համակարգի ստեղծման մասին:
«Ես հանձնարարել եմ տվյալների մշակման դաշնային ծառայությանը ներդնել հուսալի e-mail համակարգ՝ ողջ դաշնային կառավարության համար»,- գրել է Ռուսեֆը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նրա խոսքով՝ դա կլինի առաջին միջոցառումը՝ ուղղված պաշտոնական հաղորդագրությունների պաշտպանության ընդլայնմանն ու հնարավոր լրտեսման կանխմանը:
Ավելի վաղ Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած նյութերից պարզ էր դարձել, որ ԱՄՆ-ը Կանադայի հետ համատեղ զբաղվել է Բրազիլիայի լեռնաարդյունաբերության և էներգետիկայի նախարարության լրտեսմամբ:
Բացի այդ, փաստաթղթերից հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը որսացել է նաև Բրազիլիայի նախագահի էլեկտրոնային նամակագրությունն ու հեռախոսազրույցները: Արդյունքում Ռուսեֆը հետաձգել է իր այցը ԱՄՆ, որը նախատեսված էր հոկտեմբերի 23-ին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Իր հերթին երկրի կապի նախարար Պաուլու Բեռնարդուն հայտարարել է ազգային փոստային ծառայության հիման վրա էլեկտրոնային փոստի անվճար ծառայության ներդրման հնարավորությունն ուսումնասիրելու իշխանությունների պատրաստակամության մասին: Այն կլինի ներխուժումների դեմ լավ պաշտպանված: