1in.am-ը գրում է.
Ֆինանսական խարդախությունների համար 1 տարվա ազատազրկման դատապարտված (4-ից իջեցվել է 1 տարվա՝ հաշվի առնելով տարիքը) Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանները հայց են ներկայացրել՝ նրա համար հանրօգուտ աշխատանքների տեսքով պատժի այլընտրանքային միջոց սահմանելու խնդրանքով:
Հասարակական աշխատանքներին Բեռլուսկոնիի համաձայնությունն անսպասելի է եղել: Ավելի վաղ նախկին վարչապետը վստահեցրել էր, որ նախընտրում է բանտի ուղղիչ աշխատանքները, եթե վճռաբեկ դատարանը հաստատի իր դեմ մեդիաոլորտում ֆինանսական խարդախությունների գործով դատավճիռը: Վճիռը հաստատվելուց հետո վարչապետի շրջապատում ոմանք վստահեցնում էին, որ նա նախընտրում է մեկ տարի տնային կալանքի տակ անցկացնել վիլլաներից մեկում:
Սակայն արդյունքում Բեռլուսկոնին համաձայնել է ուղղիչ աշխատանքներին: Մինչև երեքշաբթի փաստաբանները պետք է Միլանի դատարանին հայտնեն, թե որտեղ է պատիժը կրելու իրենց պաշտպանյալը՝ հայտնում է Kommersant-ը:
Տարբեր սոցիալական կազմակերպությունների միջև մրցույթ է սկսվել: Նրանք բազմաթիվ առաջարկներ են արել նախկին վարչապետին: Վերջինս ընտրության հնարավորություն ունի մինչև վաղը:
Մինչև աշխատանքներին անցնելը՝ Բեռլուսկոնին պետք է հետազոտվի հոգեբույժի մոտ: