Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտնել է, որ Հայաստան կատարած այցից հետո հայկական ծիրանից ջեմ է պատրաստել՝ այն ներկայացնելով որպես երկրում տեղի ունեցող փոփոխությունների խորհրդանիշ։
Նրա խոսքով՝ անցած ամիս Հայաստանում կայացած ընտրություններում քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք հանդես են գալիս Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության օգտին։ Կոսը նշել է, որ Ռուսաստանը փորձել է ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը, մինչդեռ Եվրամիությունն աջակցել է Հայաստանին՝ իր շուկան բացելով այդ ապրանքների զգալի մասի համար։
«Հենց այդ պատճառով էլ անցած շաբաթ ես այցելեցի Հայաստան և Բրյուսել վերադարձա հայկական ծիրանով լի մեծ զամբյուղով։ Դրանց մեծ մասը նվիրեցի ընկերներիս, իսկ մնացածից ջեմ պատրաստեցի»,– գրել է նա։
Կոսի խոսքով՝ ընկերներից մեկն այդ ջեմն անվանել է «ազատության տարաներ», ինչը, նրա գնահատմամբ, շատ գեղեցիկ ձևակերպում է։ ԵՄ հանձնակատարը նաև կոչ է արել սուպերմարկետներում ուշադրություն դարձնել հայկական ծիրանին, սալորին և կեռասին՝ նշելով, որ նման ընտրությունը փոքր, բայց կարևոր աջակցություն կլինի հայ ֆերմերներին և երկրի ժողովրդավարական ընտրությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել