Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում: «Ազատության» տեղեկություններով այդ պաշտոնի համար առաջադրվել է նաև պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Թե ով կընտրվի այդ պաշտոնում, պարզ կդառնա վաղը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում՝ Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:

Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին նաև Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել