Հայտարարելով, թե քաղաքացին նա է, ով խնամք է տանում իր պետության հանդեպ՝ Մարալիկում «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությանը Նիկոլը համոզմուք է հայտնել, որ այդ խնամքը պետք է լինի փոխադարձ: «Ինչպես քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, այնպես էլ պետությունը պետք ա սիրի իր քաղաքացուն»,-մասնավորապես՝ «դասախոսել է» Նիկոլն ու ասել, որ հենց որ տեղի է ունենում խզում, անմիջապես սկսվում է պետության քայքայումը:

Փիլիսոփայելիս Նիկոլն իրեն հարց չի՞ տալիս՝ իսկ ինչպիսին է ինքը, պետությունը սիրող քաղաքացի՞ է, թե՞ հակառակը. վարչապետ կամ տաքսիստ, ակադեմիկոս կամ սվաղչի լինելուց առաջ ամեն մարդ նախ իր պետության քաղաքացին է: Նիկոլի պարագայում ամեն բան ակնհայտ է՝ նա Հայաստանի ներքին թշնամին է և այդպիսին է եղել միշտ՝ դեռ նախքան մեծ քաղաքականություն մտնելը: Եթե սեփական պետությունը սիրող լիներ, լրագրողական գործունեության ընթացքում ապազգային գաղափարներ կքարոզե՞ր, 2020-ին պետությունը դիտավորյալ կերպով պատերազմի մեջ կներքաշե՞ր՝ շատ լավ իմանալով դրա վերջնարդյունքի մասին, իսկ հետո կհայտարարե՞ր՝պատերազմ կարող էր և չլինել: Եթե սիրող քաղաքացի լիներ կամ եթե այս երկրի քաղաքացիներին սիրեր, Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին ասֆալտին քարշ տալու եղանակով կստորացնե՞ր, թե՞ գոնե կփորձեր լսել, հասկանալ և հարգել նրանց ցավը՝ գիտակցելով, որ այդ մարդիկ իրենց ամենաթանկն են նվիրաբերել:

Նիկոլը չի հասկանում, որ պետության և քաղաքացու միջև խզման ու որպես դրա հետևանք հանդիսացող պետության փլուզման պատճառները փնտրելիս առաջին հերթին պետք է դիտարկել հենց իշխանության վարքագիծը: Անհերքելի փաստ է, որ ՔՊ-ական իշխանությունը ծառայում է ոչ թե հանրային շահին կամ պետությանը, այլ առաջնորդվում է պահի նպատակահարմարությամբ՝ ելնելով իր օտար տերերի թելադրանքից. պե՞տք էր պատերազմ սադրելու համար Արցախը Հայաստան հռչակել, հռչակեց, պե՞տք է իշխանությունը պահպանելու համար եկեղեցին հալածել ու փաստացի ուրանալ Ցեղասպանությունը, մարդն արեց:

Այս մարդը «կարմիր գծեր» չունի, ու հենց դա է, որ Հայաստանի կործանումը պլանավորողների համար նրան դարձնում է անփոխարինելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել