Այնպես պատահեց, որ մի անգամ ոմանք պանդոկում գինի էին խմում և հարբած խոսում էին միմյանց հետ զանազան բաներից: Հետո զրույց բացվեց, թե այս աշխարհից հեռանալուց հետո ի՛նչ է լինելու: Այդ ժամանակ նրանցից մեկն ասաց.
– Քահանաները սնոտի կերպով մեզ ծաղրում են, երբ ասում են, թե հոգիներն այս կյանքից հետո կենդանի են մնում: Այս լսելով` ամենքն էլ ծիծաղեցին: Եվ ահա ուժեղ ու մեծահասակ մի մարդ, գալով, նրանց մոտ նստեց և, հրամայելով գինի բերել, սկսեց ըմպել և հարցրեց, թե միմյանց հետ ի՛նչ են խոսում: Առաջինը պատասխան տվեց.
– Մարդկանց հոգիների մասին էինք զրուցում. եթե մեկը կամենար իմ հոգին գնել, նրան էժան կվաճառեի և ինչ որ առնեի, հոժարությամբ ամենքի փոխարեն գինու գինը կվճարեի: Եվ երբ բոլորը նրա անմիտ խոսքի վրա ծաղրում էին, հյուրն ասաց.
– Ես այդպիսի վաճառող եմ փնտրում և հոժարությամբ կգնեմ: Ասա՛, ի՞նչ գնով ես վաճառում այն: Իսկ նա, բերանը բացելով, պատասխանեց.
– Այսքան:
Եվ անմիջապես գինը որոշեցին, և հոգիների գնորդը գումարը տվեց: Եվ երբ ամենքն ուրախությամբ լի բաժակով [գինի] էին խմում, նա, որ իր հոգին էր վաճառել, հոգ չէր անում: Իսկ երբ երեկո եղավ, վաճառականն ասաց.
– Ժամանակն է, որ յուրաքանչյուր ոք իր տունը գնա, բայց մինչև գնալը` նախ դատաստան արեք: Եթե մեկը ձի գնի, և այն բերանին սանձ ունենա, մի՞թե սանձը նրանը չի լինի, որ ձին գնել է: Ամենքն էլ միաբերան պատասխան տվեցին.
– Այդպես է: Եվ ահա հոգեվաճառ թշվառականն ահից սկսեց դողալ: Իսկ վաճառականը, նրան առնելով, բոլորի աչքի առաջ վեր բարձրացրեց և հոգով ու մարմնով իր հետ դժոխք տարավ, քանզի մարդու կերպարանքով սատանան էր, քանզի մարդու հոգին էլ ուրիշ ո՞վ կգնի, եթե ոչ նա, ով մշտապես փնտրում է որպեսզի մարդու հոգին կորստյան մատնի:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/5568
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել