Impoqrik.am-ը գրում է.

«Հղիությունը հայտնաբերելուց անմիջապես հետո ցանկալի է, որ հղին անցնի հաշվառման»,-ասում է թիվ 1 ծննդատան գինեկոլոգ Նաիրա Վարդանյանը:

Գինեկոլոգն ասում է, որ հղիության սկզբնական շրջանում հղիների այցելությունը կանանց կոնսուլտացիայի բաժին կատարվում է ամիսը մեկ անգամ` 3-4 շաբաթը մեկ: Որքան հղիությունը մոտենում է իր ավարտին, հաճախումները կանանց կոնսուլտացիայում շատանում են:

Նրա խոսքով` հղիության ընթացքում կանայք ամբողջությամբ հետազոտվում են երկու անգամ. առաջին այցելության ժամանակ կատարվում  են բոլոր տեսակի հետազոտությունները` արյան, մեզի, բիոքիմիական, ուլտրաձայնային, մի շարք ինֆեկցիաների, թերապևտի և ատամնաբույժի խորհրդատվություն, մասնավորապես` ստուգվում է սիֆիլիսը և ՁԻԱՀ-ը: Արդեն երկու տարի է` կատարվում է նաև հեպատիտ B-ի հետազոտություն, երբ լրանում է հղիության 22-րդ շաբաթը: Այս նույն հետազոտությունները կատարվում են նաև հղիության 30-րդ շաբաթը լրանալուց հետո: Հղիության մնացած ընթացքում հետազոտություններ չեն կատարվում:

«Յուրաքանչյուր հետազոտության ժամանակ մենք ստուգում ենք հղիի որովայնի շրջագիծը, արգանդի պատի բարձրությունը, լսում ենք պտղի սրտի զարկերը, իսկ լուրջ հետազոտություն անում ենք միայն այն դեպքում, երբ հղին ունենում է որևէ գանգատ»,-ասում է Վարդանյանը:

Նրա խոսքով` հղիները անվճար բուժօգնություն կարող են ստանալ այն դեպքում, երբ այցելում են իրենց համայնքային կանանց կոնսուլտացիան: Այլ համայնքից բուժօգնություն ստանալու համար պետք է վճարեն:

Չնայած որ հղիության ընթացքում ցուցաբերվող բուժօգնությունն ու ծննդաբերությունը անվճար է, այնուամենայնիվ երեխա սպասող զույգերի հոգսն այնքան էլ չի թեթևանում;

Հետազոտություններից  զատ, գինեկոլոգների պարտադիր ցուցումների մեջ է նաեւ հղիների համար նախատեսված հագուստ կրելը:

«Եթե հղին կրում է նեղ, ճնշող հագուստ, այն ազդում է նաեւ պտղի վրա, հագուստի ճնշումը կբերի պտղի թթվածնային քաղցի, վաղաժամ ծննդաբերության ինչպես նաև հղիության ընդհատման»,-բացատրում է Վարդանյանը;

Նոնան, ով վերջերս է ծննդաբերել, պատմում է, որ հղիանալուց 4-5 ամիս հետո սկսել է կրել հղիի հագուստ, նախկին բարձրակրունկ կոշիկներն էլ փոխարինել ցածրակրունկ և հարմարավետ կոշիկներով:

«Անգամ ներքնաշորերի չափսն է փոխվում, մի խոսքով` ոտքից գլուխ պետք է թարմացնել հագուստի և կոշկեղենի պահարանները, իսկ այդ բոլորը կազմում է մի կլորիկ գումար»,- ասում է նա:

Շատ կարևոր է նաև այն սնունդն ու վիտամինները, որ կինը ստանում է հղիության ընթացքում:

Վարդանյանը հղի կնոջ սննդակարկում, կարևոր է համարում սպիտակուցների և վիտամինների առկայությունը, այլ ոչ թե ճարպերի և ածխաջրերի, քանի որ հենց սպիտակուցներն ու վիտամիններն են համարվում պտղի կառուցվածքային մատերիան:

«Հղինները պետք է ուտեն հաճախակի և քիչ-քիչ, օրվա մեջ ոչ թե երկու անգամ, այլ ավելի շատ: Սնունդն իր մեջ պետք է ընդգրկի կաթնամթերք, մսամթերք, բանջարեղեն, միրգ, իսկ քաղցր` ավելի քիչ: Ամեն դեպքում չի կարելի հղիին ստիպել ինչ-որ բան ուտել»,- խորհուրդ է տալիս գինեկոլոգ Վարդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել