Ասելով, որ մեր երկրում չափից շատ են աղքատներն ու կարիքավորները, Ամերիկա բացահայտած չեմ լինի: Սակայն այդ աղքատներից մատների վրա կարող ենք հաշվել այնպիսիններին, ովքեր պատրաստ են փող մուրալ փողոցում: Երևանի գրեթե բոլոր անկյուններում կարող ենք տեսնել մուրացկաններ, որոնց մի մասը միայնակ, մյուս մասը երեխաների հետ, անցնող-դարձողներից գումար են մուրում՝ «օրվա հացի համար»: Շատերը, խղճահարությունից դրդված, չեն մերժում և մի քանի հարյուր դրամ են տալիս այդ «կարիքավորներին»: Ովքե՞ր են նրանք:
Իմ կարծիքով իրականում նրանք մի մեծ բիզնեսի իրականացնողներ են. ունենալով «տեր»՝ իրենց համար նշանակված հատուկ վայրում պտտվում են և փող մուրում: Այսպես ես վաղուց էի մտածում, սակայն երբ տեսա, թե ինչպես է այդ մուրացկաններից մեկը Երևանի հայտնի արագ սննդի կետերից մեկում ճաշում, սպասարկողին մեկնելով 3000 դրամը և ասելով «ոնց որ միշտ», պարզապես ապշեցի: Պատկերացնու՞մ եք, թե որքան փող են նրանցից յուրաքանչյուրը հավաքում, որ կարող են իրենց թույլ տալ ճաշել այդպիսի վայրում: Մեկ անգամ էլ, հետաքրքրությունից դրդված, փորձեցի խոսք քաշել նրանցից մեկից: Պարզվում է՝ հավաքած գումարի մեծ մասը նրանք մուծում են «վերևներին», որպեսզի կարողանան այդ տարածքում գործունեություն ծավալել: Ընդ որում՝ նրանց հիմնական մասը աշխատունակ տարիքի և ֆիզիկական վիճակում գտնվող մարդիկ են: Փաստորեն այստեղ էլ ունենք օրենքի խախտումով աշխատող բիզնեսի հետ: Թե ովքեր են այդ «վերևները», ինձ պարզել չհաջողվեց:
Իսկ այս երկրորդ տիպի մարդկանց մասին չգիտեմ ունե՞ն արդյոք «տանիք», թե ոչ: Նրանք մեզ առավել հայտնի են որպես «շրջիկ գուշակներ», «գնչուհիներ», որոնց արածը ոչ այլ ինչ է, քան սովորական «շառլատանություն»: Այս թեմային անդրադառնալուս հիմնական պատճառն այն է, որ այդ «երևույթներից» մեկը այսօր, կանգնեցնելով ինձ շատ հարազատ մարդու, նրան հարցրել է, թե չի՞ ուզում արդյոք իմանալ, թե ինչու է դժբախտ լինելու: Ստանալով բացասական պատասխան՝ այս «շառլատանը» բռնել է նրա ձեռքը և ստիպել լսել բավականին տհաճ բաներ, որոնք իբրև վերաբերվում են նրա ապագային՝ պահանջելով 500 դրամ:
Կարծում եմ, որ սրանք էլ են «տանիքով» ապահոված, քանի որ ռիսկ են անում խաբելով փող «պոկել» մարդկանցից: Հարգելի ընթերցող, մի հավատացեք նման մարդկանց ոչ մի ասածի: Նրանք իջել են այն մակարդակի, որ 500 դրամի համար ինչպես ասես, որ չեն խաբի դիմացինին՝ ընդհանրապես հաշվի չառնելով իր ասածների հնարավոր ազդեցությունը դիմացինի տրամադրության և, ընդհանրապես, կյանքի վրա: Այպիսի մարդիկ վաճառել են իրենց հոգին սատանային և նրանք «վերև» հանդիսացող մարդկանց: Անգամ Ձեր 10 դրամը մի տվեք նրանց, քանի որ իրականում կարիքավոր մարդը երբեք նման բաներ չի անի: Նա կկատարի ցանկացած աշխատանք, բացի այպիսի աշխատանքից, որտեղ պետք է հոգիդ վաճառես սատանային...
Կից նյութն՝ այստեղ