Hetq.am-ը գրում է.
Հոկտեմբերի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակել է դատական քննություն ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա:
Բողոքը Երևանի Փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործության վերաբերյալ է: Այս մասին տեղեկացնում է «ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը, որի տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է.
«Երևանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն` ներկայիս համայն հայության մայրաքաղաք Երևանի պատմության անբաժանելի մաս: Փակ շուկայի կառուցապատողին, ով մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շինության կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը վնասելու համար քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է անօրինականության շարունակության, որը, ըստ էության, միտված է հուշարձանի ոչնչացմանը:
Երևանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից` սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը և քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարման:
Փակ շուկայի կառուցապատողին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու իրավական հիմքերն են՝
Փակ շուկայի կառուցապատողը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ են տվել.
ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված` հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 264 հոդվածի խախտում` պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը:
ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընգրկված 315.1 հոդվածի խախտում` ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցը չքանդելը և 315.2 հոդվածի խախտում` շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը:
Բողոքի պահանջն է` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 05.07.2013 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ որոշումը վերացնել և հարուցել քրեական գործ»: