Hetq.am-ը գրում է.

Այս տարվա հոկտեմբերից Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Վահագն Արսենյանը, որը մինչ այդ՝ 2021-2025 թթ., Ջերմուկի համայնքապետն էր, քաղաքի ղեկավարի պաշտոնում Forbes հանդեսին տված հարցազրույցում խոսել է համայնքի զարգացման հեռանկարների մասին ու, մասնավորապես, կարեւորել օդանավակայանի գործոնը: Այս մասին գրում է Հետքը։

«Գալիք օդանավակայանը նոր հնարավորություններ կստեղծի լոգիստիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում… Պատրաստվում ենք փոքր օդանավակայանի կառուցմանը, որը սկզբում կսպասարկի ներքին չվերթեր, իսկ ավելի ուշ կընդլայնվի միջազգային ուղղություններով,- Forbes-ին ասել է Վ. Արսենյանը,- 10 տարի հետո Ջերմուկը տեսնում եմ որպես համաշխարհային մակարդակի առողջարանային մայրաքաղաք՝ միջազգային օդանավակայանով, տասից ավելի ժամանակակից առողջարանային սպա-կենտրոններով եւ էկոտուրիզմի զարգացած ոլորտով»։

Ջերմուկում նոր օդանավակայանի թեման քննարկվում է արդեն մոտ 20 տարի, բայց այդպես էլ փաստաթղթային մակարդակից այն կողմ չի անցել:

Ջերմուկի հին օդանավակայանի շենք-շինությունները՝ մասնավոր սեփականություն

Ջերմուկում օդանավակայան կա դեռ 1950-ականների երկրորդ կեսից: Այն գտնվում է Երեւան-Ջերմուկ ճանապարհի հարեւանությամբ՝ Արփա գետի ձախ ափին:

Խորհրդային տարիներին դեպի առողջարանային այս քաղաք թռիչքներ էին կատարում տարբեր տիպի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Ընդ որում՝ սա Հայաստանի ամենաբարձր օդանավակայանն է (գտնվում է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա):

1990-ականներից այս կողմ Ջերմուկի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվում: Անկախությունից հետո օդանավակայանը գտնվում էր ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռում, սակայն 1999-ին Վազգեն Սարգսյանի կառավարությունը որոշել էր օդանավակայանի գույքն առանձնացնել ՓԲԸ-ից ու սեփականության իրավունքով անհատույց հանձնել Ջերմուկ համայնքին: Վերջինս էլ իր հերթին 2002 թ. օդանավակայանի շենք-շինությունները վաճառել է օդանավակայանի նախկին պետ Մելսիկ Առաքելյանին:

Օդանավակայանի երկհարկանի շենքը, որի կազմում են նախկին սպասասրահը, կարգավարական կետը, տոմսարկղը, աշխատակիցների սենյակները, այժմ համարվում է առանձնատուն եւ պատկանում է Մ. Առաքելյանին: Վերջինս ձեռք է բերել նաեւ շենքին կից 1,5 հա հողամաս:

Օդանավակայանի մնացած հողը (ըստ Կառավարության որոշման՝ 51,6 հա) համարվում է պետական սեփականություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել