Aravot.am-ը գրում է.
«Առավոտի» տրամադրության ներքո է հայտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հրաժարականի դիմումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա գրել էր 1998թ-ին: «Հույժ գաղտնի» գրությամբ այս նամակից հատվածներ ժամանակին հրապարակվել են մամուլում: Այժմ հրապարակում ենք ամբողջական տեքստը:
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար պարոն Ռ. Քոչարյանին
Դիմում
Հարգելի պարոն նախագահ,
Խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրածս պաշտոնից, քանի որ արդեն վերացել են մեր՝ փոխըմբռնման հասնելու վերջին հնարավորությունները: Ցավոք ու իրոք՝ վաղուց է, ինչ իրար չենք հասկանում: Այնինչ Արցախի ներքին կյանքում, տնտեսության մեջ վիճակն օրեցօր վատանում է. իմ համոզմունքներին մնալը եւ միաժամանակ իմ պաշտոնում մնալը կարող են էլ ավելի սրել դժվարությունները:
Հավատացնում եմ, այո՛, մեր այնքան ծանր գնով ձեռք բերած ռազմական հաջողությունները հեշտ ու հանգիստ, դանդաղ, բայց հաստատ արժեզրկվում են սոցիալ-տնտեսական ասպարեզում: Բազմիցս եմ շեշտել, որ միայն բանակի ուժով արցախյան հիմնախնդիրը չի կարող լուծվել: Բայց անիմաստ է դա նույնիսկ երազելը այդ նույն՝ իրադրությունն ամեն կերպ վատթարացնող, սակայն ինքնին ոչ մի կերպ չբարելավվող տնտեսական ստրատեգիայով եւ նույն, այսպես կոչված, թիմով:
Պարոն նախագահ, խնդրում եմ գոնե հիմա ինձ ճիշտ հասկանալ. երկար եմ մտածել ինձ ուղղակիորեն, թե անուղղակիորեն պարտադրվող քայլն անելուց առաջ: Խնդրում եմ նաեւ ինձ հերթապահ մեղադրանքներ չներկայացնել «մեր ընդհանուր գործին», իբր, դավաճանելու համար:
Նշված խնդիրների մասին շատ-շատ ենք խոսել դեռեւս ՀՀ նախորդ նախագահի ղեկավարության օրոք: Այն ժամանակ արդեն երեւացող սխալ մոտեցումներն ու ընդհանուր քաղաքականությունը վերագրում էիք Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա անձն ու անունն էին դարձվում «քավության նոխազ»: Գտնում եմ, որ մարդկայնորեն ու տղամարդկայնորեն այդ մոտեցումն էլ է սխալ: Այժմ համբերությունս ավելորդ անգամ շահագործելու տեղ չի մնացել այլեւս…
Մոտ անցյալում, իսկապես, ուս-ուսի տված պայքարել ենք հանուն ընդհանուր գործի հաղթանակի: Հիմա, սակայն, չեմ ուզում ու չեմ կարող տեսնել հակառակ արդյունքները. գերադասում եմ անձնական պարտություն կրել, ու գտնվել մեր ժողովրդին պարտության տանողների «ավանգարդում»:
Ինքս միշտ հեռու եմ մնացել ամեն կարգի պատվախնդիր նկրտումներից («ամբիցիաներից»), մանավանդ՝ իշխանամոլությունից, ինքս եմ ոմանց կոչ արել զսպել դրանք եւ չեմ կարծում, որ այսօր հոլովվող կարեւորագույն հարցերն էլ կարելի է լուծել՝ այս կամ այն մարդու «ամբիցիաներով» ղեկավարվելով:
Չեմ ցանկանում եւ չեմ էլ փորձելու ընդդիմության մեջ լինել. իմ սկզբունքներին դեմ է «գոտկատեղից ցած հարվածելը»: Սակայն չեմ կարող ու չեմ էլ կամենում հրաժարվել իմ մյուս՝ քաղաքական, կադրային, սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող սկզբունքներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ