Panorama.am-ը գրում է.

Մայրաքաղաքի տոնին տարբեր վարչական շրջաններում տեղի էին  ունենում միջոցառումներ։ Երևանը նշում էր իր 2807-րդ տարեդարձը։  Ու քանի որ թիվը հոբելյանական չէ, Panorama.am-ը քաղաքապետարանի հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված մայրաքաղաքի տոնը մեծ շուքով նշելու որոշումը։

Քաղաքապետարան - Ինչպես նախորդ տարի այս տարի ևս քաղաքին նվիրված օրը նշանավորվել է միջոցառումների շարքով, որոնք միտված են եղել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին վառ տպավորություններով օր պարգևելուն: Երևանի քաղաքապետարանի կողմից «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754.690.895 ՀՀ դրամ:

Panorama.am - Ինչքա՞ն գումար է ծախսվել տոնակատարությունների համար։ Խնդրում եմ տրամադրել ցանկը, թե ո՞ր ընկերությունների  հետ են կնքվել պայմանագրեր՝ համերգների, միջոցառումների կազմակերպման համար։ Արդյո՞ք ընկերությունների ընտրության համար հայտարարվել են մրցույթներ, եթե այո, քանի՞ ընկերություն է մասնակցել դրանց, քանի՞սն են հաղթող ճանաչվել։ Խնդրում եմ նաև տրամադրել, այն երգիչների ցակը, որոնց հետ կնքվել են պայմանագրեր՝ տոնի առթիվ ելույթներ ունենալու համար։ Խնդրում եմ տրամադրել նաև այդ պայմանագրերի պատճենները, որտեղ նշված է ելույթների վարձատրության չափը։

Քաղաքապետարան - «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում իրականացված միջոցառումների կազմակերպման ծառայությունները ձեռք է բերվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգով: Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների (համերգների և միջոցառումների կազմակերպման և իրականացման) բնութագրությունն ու վարձատրության չափը սահմանվել են համապատասխան պայմանագրերով, որոնք հրապարակվել են համապատասխան հարթակում:

Panorama.am - Ինչքա՞ն գումար է հատկացվել Հանրապետության հրապարակում բեմի տեղադրման, շքեղ լուսավորության ապահովման, հրավառության  համար։ Ինչքա՞ն գումար է վճարվել սիրելի երգիչ Թաթա Սիմոնյանին Հանրապետության հրապարակում ելույթ ունենալու համար։

Քաղաքապետարան - Հանրապետության հրապարակում իրականացված միջոցառման տեխնիկական ապահովման համար հատկացվել է 131.000.000 ՀՀ դրամ, իսկ Թաթա Սիմոնյանի ելույթը եղել է նվեր Երևանին և իրականացվել է անվճար հիմունքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել