Mexqeric darnalu masin

Երևելի, գիտությամբ զարդարված մի մարդ կար: Սա, տոնական մի օր նոր և մեծագին հանդերձ հագնելով, զանազան պատիվներով մեծարվեց, ամբողջ օրն ընկերների հետ խաղ ու խրախճանքների, ըմպելիքի ու այս աշխարհի զանազան ունայն բաների մեջ անցկացրեց: Երբ երեկո եղավ, զգաստացավ և լռելյայն իր սրտում ասաց. «Ո՞ւր է տոնախմբությունը, որ այսօր կատարեցինք, ո՞ւր գնացին բոլոր այն խրախճանքները»: Արդ, տեսնելով, որ աշխարհիկ բոլոր ուրախությունները շուտափույթ անցնում և տրտմության ու ցավի են փոխակերպվում, հաջորդ առավոտ կրոնավորների վանք գնաց, որտեղ երկար տարիներ սրբությամբ, գիտությամբ և իմաստությամբ Աստծուն ծառայեց և, բարի համբավով հռչակվելով ու փայլելով, անանց կյանք փոխադրվեց:
***
Մի ավազակապետ կար, այնքան չարագործ, անողորմ, արյունարբու, որ ճանապարհին ում հանդիպում էր, սպանում էր: Սուրբ ու առաքինասեր մի վանահայր, այս լսելով, կրկնակի հանդերձներ հագնելով և ազնվազարմ ձի նստելով, գնաց այն կողմերը, որտեղ ավազակապետն էր գտնվում: Նրան բռնելով` բերեցին նրա առաջը: Վանահայրն ավազակապետին հարցրեց.
– Ի՞նչ ես ուզում:
– Ձիդ ու զգեստներդ,– պատասխանեց նա:
Այն ժամանակ հայրը նրան ասաց.
– Իրավունք ունես խնդրելու, քանի որ այս ամենն Աստծունն են և մանավանդ հասարակաց են: Արդ, քանի որ ես երկար ժամանակ վայելեցի, արժանի է, որ հիմա էլ դու վայելես: Բայց կամենում եմ իմանալ, թե ի՛նչ ես անելու դրանք: Պատասխանեց.
– Վաճառելու ենք և ուտելիք գնելու: Այնժամ հայրն ասաց.
– Որդյա՛կ, ինչո՞ւ ես այդքան չարչարանքով ու վտանգներով ուտելիք ու հանդերձանք հայթայթում: Ինձ հետ արի, և ես բոլոր քեզ պետք եղած բաները կտամ: Իսկ երբ նա հրաժարվում էր` ասելով, թե ոսպ ու բակլա ուտել չի կամենում, հայրը նրան ասաց.
– Քեզ և՛ միս, և՛ ձկնեղեն, և՛ հաց, և՛ անուշ գինի, և՛ շքեղազարդ անկողին կտամ, միայն թե իմ հետևից եկ: Եվ երբ համաձայնվեց և վանք եկավ, հայրը նրան հանձնեց եղբայրներից մեկին, ով ամեն օր նրան նախապես ասված բոլոր պետք եղած բաները բերում էր: Արդ, երբ ավազակապետը հագենում էր, այդ կրոնավորը հոր կարգադրությամբ նստում էր գետնին` նրա դիմաց, և միայն հաց էր ուտում և ջուր խմում: Ավազակապետը նրան հարցրեց.
– Ինչի՞ համար ես այդքան ծանր ապաշխարություն կատարում: Մի՞թե մեկին սպանել ես կամ պոռնկություն արել: Իսկ կրոնավորը, զարմանալով ու սոսկալով, պատասխանեց.
– Օ՜, հեռո՛ւ ինձնից, Աստված մի՛ արասց ե, եթե ես մարդ սպանած կամ թե մարմինս պոռնկության մեղքով ապականած լինեմ,
քանի որ մանկությունիցս ի վեր այս վանքում եմ մեծացել: Բայց այն պատճառով եմ ապաշխարում, որպեսզի իմ մահվան ժամանակ Աստծո առաջ ողորմություն գտնեմ: Այդ ժամանակ ավազակը, զղջալով, ասաց.
– Ես` եղկելիս ու թշվառականս, որ այնքան գողություն, այնքան մարդասպանություն, այնքան շնություն ու այնքան անթիվ
չարիքներ եմ գործել ու երբևէ պահք չեմ պահել, ինչպե՞ս ողորմած Աստծուն ինձ հետ կունենամ: Եվ ընկնելով վանահոր ոտքերը, արտասուք թափելով` այնքան ապաշխարությամբ իրեն ճնշեց, որ ժուժկալությամբ ամենքին գերազանցեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել