Ադրբեջանական Caliber.Az պորտալը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Աղբյուրի ձևակերպմամբ՝ 

«Բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին»։ 

Caliber.Az-ը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես Բաքվի իշխանական քարոզչության խոսափող, և նման հրապարակումները սովորաբար արտացոլում են հենց Ալիևի վարչակազմի պաշտոնական տրամադրությունները։ 

Այստեղ ուղերձը հստակ է․ Բաքուն չի համարում խաղաղությունը կայացած և ակնարկում է, որ Փաշինյանը դեռ «տնային աշխատանք» ունի կատարելու՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ 

Մինչ Փաշինյանը ներսում և դրսում ներկայացնում է «հաստատված խաղաղության» պատրանքը, Բաքուն շեշտում է, որ «առանց իրավական հիմքի խաղաղության մասին խոսելն ինքնին ստեղծում է կեղծ տպավորություն գործընթացի ավարտվածության մասին»։ 

Սա ոչ թե դիվանագիտական զգուշավորություն է, այլ՝ քաղաքական շանտաժ, որի նպատակն է պարտադրել Երևանին՝ ընդունել Բաքվի թելադրած պայմանները։ 

Միաժամանակ Բաքուն ձևավորում է այն ընկալումը, թե խաղաղության գործընթացի հնարավոր ձախողման պատասխանատվությունը մնում է բացառապես Երևանի վրա։ 

Ըստ էության, Ալիևը այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները։ 

Սակայն այդ «հանգիստը» լինելու է ժամանակավոր․ Բաքուն անպայման փորձելու է գինը պահանջել ընտրություններից հետո՝ արդեն պայմանագրի ստորագրման կամ պարտավորությունների կատարման փուլում։ 

Այսպիսով, Ալիևը պահպանում է ճնշման լծակները՝ ժամանակավորապես ստեղծելով խաղաղության պատրանք, որը ընտրություններից հետո կարող է վերածվել նոր պարտադրանքների և պահանջների շղթայի»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել