Հովհաննավանքում կայացած պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից մատուցած «պատարագին»։

«Եթե գոյություն ունեն կարգեր և կանոններ, բոլորս ենք պարտավոր հետևել այդ կարգերին և կանոններին, այդ թվում և պետական պաշտոնյաները, այդ թվում և եկեղեցական այրերը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ տվյալ քահանան կարգալույծ էր հռչակված, Թոմվասյանն ասաց. «Տվյալ քահանան այդ պարագայում այնտեղ իր պարտականություններն էր կատարում, մատուցեց բավականին հագեցած ծառայություն, որին մենք մասնակցեցինք և շնորհակալ ենք իրեն դրա համար։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, պատարագ է մատուցել համապատասխան սպասավոր, որին մենք մասնակցել ենք և կրկնում եմ շնորհակալ ենք իրեն»։

Հարցին՝ եկող կիրակի մասնակցելո՞ւ է Հովհաննավանքում պատարագին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է, պաշտոնյան պատասխանեց. «Ես իմ կամքով, իմ ցանկությամբ մասնակցում եմ այն պատարագներին, որին որ ցանկանում եմ մասնակցել։ Չեմ կարող ասել, դեռ պլաններս մշակված չի, բայց հավանաբար կմասնակցեմ այդ պատարագին»։

Ինչ վերաբերում է վարչապետի հռչակած «Վեհարանը վեհին» նախաձեռնությանը, որով ցանկանում են Վեհարանից հեռացնել Գարեգին Բ կաթողիկոսին, Սուրեն Թովմասյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Վեհարանը պետք է այն կարգավիճակում լինի, որ կարգուկանոնը և ամեն ինչը պահպանված լինեն, սահմանված ընթացակարգերին համաձայն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել