Ձևանալով ինքնիշխան՝ ՔՊ-ական Եղոյան Արմանը հայտարարել է.«Եթե դուրք ձեր ընտրությունը պայմանավորում եք որևէ այլ պետության ցանկությամբ, նշանակում է՝ դուք գտնվում եք արտաքին կառավարման տակ: Դա շատ վառ բան է, եթե դուք ձեր ընտրությունը կատարում եք ըստ նրա, թե մեկ այլ մարդ ինչ է մտածում…»:

«Եղոյի» հայտարարությունը բավական գեղեցիկ է հնչում, բայց դրա տրամաբանությունն ամբողջությամբ հակասում է հայաստանյան իրականությանն ու Նիկոլի վարքին. իրական քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ հենց Նիկոլի գործողություններն են, որ թելադրվում են արտաքին աշխարհից:

Նիկոլը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվում է ինքնիշխանության և անկախ որոշումների վրա, սակայն գործնականում ականատես ենք լինում նրան, որ Հայաստանի կարևորագույն որոշումները հաճախ համաձայնեցվում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգերի հետ։ Օրինակ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ընթանում են այնպիսի ձևաչափերով, որտեղ Բաքվի պահանջները դառնում են հիմնական ելակետ։ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում հնչող հայտարարությունները հաճախ կրկնում են թուրք-ադրբեջանական դիրքորոշումները։ Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական ուղեգիծը փաստացի կառուցվում է ոչ թե բացառապես սեփական շահերի հիման վրա, այլ առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին համահունչ, Նիկոլն էլ հայտարարում է, թե մենք պետք է սովորենք երթևեկության կանոնները, եթե ուզում ենք ունենալ պետություն։

Նիկոլենք մի քանի անգամ հայտարարել են, որ Հայաստանի ապագա անվտանգությունն ու զարգացման հեռանկարը հնարավոր է միայն «խաղաղության օրակարգի» միջոցով մի դեպքում, երբ այդ օրակարգի հիմնական կետերը բառացիորեն կրկնում են Անկարայի և Բաքվի ներկայացրած պահանջները:

Այսպիսով՝ եթե առաջնորդվենք «Եղոյի» մատնանշած տրամաբանությամբ, ապա միանշանակորեն պետք է արձանագրենք, որ առաջին հերթին հենց Նիկոլն է, որ գտնվում է արտաքին կառավարման տակ, ինչի պատճառով Հայաստանը հետզհետե վերածվում է ընդամենը հայերով բնակեցված մի այնպիսի տարածքի, որի՝ թուրքերի կողմից զավթումը դառնում է լոկ ժամանակի հարց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել