Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր ելույթում անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք Հայաստանում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ու դրանց արդյունքներն են, ԵՄ-ի հետ ասոցացման ու Մաքսային միությանն անդամակցության հարցերն են, Սիրիական հարցն և Ցեղասպանության ճանաչման գործընթացն են, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ոչ կառուցողական կեցվածքն են: Ելույթին հետևեցին հարց ու պատասխանները, որոնք էլ հենց ամենահետաքրքիր մասն էին կազմում նախագահի խոսքում:

Սարգսյանի ընդհանուր խոսքը կարելի է բաժանել երեք հիմնական մասերի՝ ԵՄ-ՄՄ երկընտրանք, Արցախյան հակամարտություն և Եվրոպայի հետ համագործակցության հետագա հեռանկարները և Սիրիական հարցը: Անդրադառնալով անցկացված բարեփոխումներին նախագահը մատնանշեց, որ դրանք արվել են ու շարունակվում և  արդեն իսկ տվել են շոշափելի արդյունքներ, իսկ Հայաստանը շահագրգռված է շարունակելու դրանք և ավելի արդիականացնելու մեր պետական համակարգը: 
«Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար: Սրանք և բազմաթիվ այլ ձեռքբերումներ ես համարում եմ ավելի քան կարևոր մեր ապագայի համար», - նշել է Սարգսյանը, հավելելով, որ այժմ Հայաստանի Հանրապետության համար գերակա նպատակ է իրավունքի գերակայություն ապահովելը:

Ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ Սարգսյանի խոսքը էականորեն չէր տարբերվում նրա այլ հայտարարություններից և տրամաբանական շարունակությունն էր այն գծի, որը դեռ սկսվել էր Կազանում: Այլ կերպ ասած, Սարգսյանը հերթական անգամ մատնացույց արեց Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ու ագրեսիվ կեցվածքը, բայց միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը թեև չի ուզում պատերազմել, չի էլ վախենում պատերազմից և անում է հնարավորինս, որպեսզի հարցը կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Նախագահը անգամ մեջբերեց լուսահոգի Սոս Սարգսյանի հայտնի բաց նամակից մի հատված. «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»: 

Սակայն Սարգսյանի խոսքի ամենահետաքրքիր մասը վերաբերում էր ԵՄ ասոցացման ու Մաքսային միությանն անդամակցելու հարցին: Ի հեճուկս բազմաթիվ կանխատեսումների, Սարգսյանը ոչ ագրեսիվորեն էր տրամադրված Եվրոպայի նկատմամբ և չէին հնչում ինչ որ մեղադրանքներ ու կշտանբանքներ, ոչ էլ ինչ որ դիսկոմֆորտ էր նկատվում՝ անգամ ամենասուր հարցերին պատասխանելիս: Ընդհակառակը, Սարգսյանը որդեգրել էր ագրեսիվ պաշտպանության ռազամավորություն իր հռետորաբանության մեջ:

Իր ելույթում նա նշեց, թե ինչքան է Հայաստանը կարևորում համագործակցությունը ԵՄ-ի հետ ու հատկապես «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, բայց միևնույն ժամանակ կրկնեց մոտ մեկ ամիս առաջ Նալբանդյանի շուրթերով հնչած Հայաստանի դիրքորոշումը, համաձայն որի Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և Հայաստանը չէ պատրաստվում ի հաշիվ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների, ինչ որ հարաբերություններ կառուցել այլ կողմերի հետ: Միևնույն ժամանակ, Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը նպատակադրված է շարոունակել խորացնել համագործակցությունը Եվրոպայի հետ:

ԵԽԽՎ պատվիրակությունների ներկայացուցիչներից մի քանիսը փորձեցին սուր հարցեր բարձրացնել, մատնանշելով, որ Հայաստանը անսպասելի փոխեց իր արտքաին քաղաքական վեկտորը և բոլոր հարցերի ընդհանուր ասելիքը հետևյալում էր. ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանը, ի՞նչ հեռանկարներ է տեսնում Սարգսյանը՝ ԵՄ-ի հետ ասոցացման հարցում և ինչպե՞ս են Հայաստանում վերաբերվում ՄՄ-ին անդամակցելու որոշմանը: Այստեղ էլ հենց Սարգսյանն անցավ հակահարձակման:

Նախ, նա հիշեցրեց, որ Հայաստանի որոշումը չի կարելի անսպասելի համարել, քանզի Ռուսաստանի հետ նման բանակցություններ վարվում էին վաղուց և դրանք բնավ էլ գաղտնի չէին պահվում: Բացի դրանից, Հայաստանը առաջ էլ, հիմա էլ շահագրգռված է ասոցացման պայմանգիր ստորագրելու մեջ, բայց խնդիրը նրանում է, որ այն բաղկացած է երկու մասից՝ քաղաքական ու տնտեսական: Քաղաքական մասի հետ ոչ մի խնդիր չկա, խնդիրը Խորը և համապարփակ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրում է, որը հակասում է Մաքսային միության որոշ դրույթների: Ելնելով դրանից, Հայաստանը հիմա էլ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել ասոցացման համաձայնագիրը և մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, սակայն եվրոպացիները իրենք պետք է որոշեն արդեն, թե հնարավո՞ր է վերանայել ասոցացման պայամագիրն այնպես, որպեսզի այն չներառի այն դրույթները, որոնք հակասության պատճառ են դարձել, կամ հանարվո՞ր է, որ ասոցացման պայմանագիրը ստորագրվի միայն քաղաքական ասոցացման մասով:

Ինչ վերաբերում է հայաստանյան հասարակության ու ժողովրդի վերաբերմունքին, ապա թերևս առաջին անգամ նախագահի մակարդակով արվեց հստակ ու միանշանակ հայտարարություն. ընտրելով Մաքսային միությանն անդամակցելու տարբերակը, Հայաստանի իշխանությունները առաջնորդվել են ժողովրդի շահերով ու ժողովրդի ցանկությամբ: Այլ կերպ ասած, առաջին անգամ վերջին 5 տարիների ընթացքում երկրի նախագահը հայտարարում է, որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը եվրոինտեգրմանը գերադասում է ինտեգրացիոն գործընթացների խորացում՝ հետխորհրդային տարածքում, իսկ սա կարելի է ասել աննախադեպ հայատարարություն է:

Ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում թեև չի կարելի գնահատել դարակազմիկ ու գերհզոր, սակայն պետք էլ չի թերագնահատել այն: Նախագահը շատ հավասարակշռված ու ճկուն իրեն պահեց ու մի շարք որոշիչ հարցերում հմտորեն «գնդակը» գցեց մեր պայմանական օպպոնենտներին և այժմ իրավիճակն այնպիսին է, որ եթե Եվրոպայի հետ համագործակցությունը չզարգանա, կամ հետընթաց ապրի, ապա այդ որոշման պատասխանատվությունն այս պահի դրությամբ ընկնում է եվրոպացիների ուսերին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել