Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել Խոյի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի` ծեծկռտուքին հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։
«Մենք երեք պաշտոնական տեղեկատվություն ենք տարածել ՆԳ նախարարության կողմից՝ առ այն, որ տեսախցիկների զննության և հարցաքննված անձանց ցուցմունքների ուսումնասիրության արդյունքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որ համայնքապետը որևէ գործընթացում ներգրավված է եղել։
Ես ուզում եմ, որ հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, քանի որ կա վարույթ, և մենք հենվում ենք վարույթով ձեռք բերված ապացույցների վրա։ Նորից եմ շեշտում՝ մինչ այս պահը որևէ տվյալ չի հայտնաբերվել համայնքապետի ներգրավվածության մասին»,- նշեց նախարարը։
Սարգսյանի խոսքով՝ միջադեպի հետևանքով կան ձերբակալվածներ, և հետաքննությունը նպատակ ունի բացահայտել բոլոր հանգամանքները։
Հիշեցնենք երեկ լուրեր տարածվեցին, որ Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրը իրենց ծննդավայր Շահումյան գյուղում ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել անգամ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին։



