Մարդկանց բողոքները կարելի է բաժանել երկու մասի, որոշ մարդիկ դեմ էին ընդհանրապես նախագծին, սակայն մասնագետների քննարկումներից հետեւում է, որ դրա կարիքը կար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Բիդեք» ընկերության ներկայացուցիչ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման աշխատանքների պատասխանատու Հովհաննես Եփրեմյանը։
«Երկրորդ բողոքները այն մասին են, որ շինարարական ընկերությունը շինհրապարակը պատշաճ չի կազմակերպել։ Դե կազմակերպությունը շինարարական այդ աշխատանքը պատվիրակել էր այլ անձանց, այլ կազմակերպության, իրոք պատշաճ չէին շինհրապարակը կազմակերպել, որի համար հայցում ենք այդ մարդկանց փոխարեն հանրության ներողամտությանը։ Այս պահին այդ շինհրապարակը պատշաճ կազմակերպվում է։ Այնտեղ դիտողություններ կար, քանի որ համար մեկ կոթողն է Հայաստանի, կարող էին այդ տրուբաները ժանգոտ չլինեին։ Ընդունեցինք դա ու հիմա, ինչպես տեսնում եք, վերակառուցվում է շինհրապարակը ու ամեն ինչ շատ պարկեշտ վիճակում կլինի աշխատանքների ավարտից հետո։
Մենք մտածել ենք, որ դա դժվար բան չի, հետո ընթացքում մարդիկ նկատել են, աղմուկ են բարձրացրել, մենք էլ մարդկանց ճանապարհ ենք դրել, հիմա մենք արդեն մեր ուժերով էդ ամեն ինչը անում ենք։ Իրոք, ճիշտ էր դիտողությունը մարդկանց»,–ասաց նա։
Հովհաննես Եփրեմյանը նկատեց, որ ինքը եւս մասնակցել է քննարկումներին, եւ համարում է, որ շատ կարևոր գործ է արվում, որի անհրաժեշտությունը կա. «Եթե ինչ-որ մարդիկ հարցեր ունեն նախագծի հետ կապված, արդեն պատվիրատուի՝ ԿԳՄՍՆ–ի հետ պետք է շփվեն։ Ինչ վերաբերվում է նրան, թե շինարարությունն ինչպես պետք է անել, հիմա քննարկման փուլ կա, ինչպես անել, որ ավելի ճիշտ լինի, այս պահին աշխատանքը դադարեցված է, մինչև միգուցե նախագծի մեջ ինչ-որ լրացումներ կարվեն։
Հիմա շինհրապարակի կառուցապատման, հողային աշխատանքներ են արվում, անձրևացնցուղներ են տեղադրվում, սիզամարգերը ամբողջությամբ խոտածածկույթով պատվելու են։ Թանգարանների ջրահեռացման, տանիքների իզոլացման աշխատանքներն են շատ բարձր որակի կատարվում, շուտով արդյունքը կերևա։ Բցի այդ, հուշահամալիրի շուրջ էլի ջրահեռացման հարցեր պետք է լուծվի, որը բացակայել է։ Հուսով եմ մարդկանց անհանգստությունները կփարատվեն, վերջնական արդյունքը բոլորի սրտով կլինի»,– ընդգծեց ընկերության ներկայացուցիչը։
Նա հավաստիացրեց, որ հուշահամալիրը ոչ մի վայրկյան չի փակվելու, ցանկացած պահի մարդիկ կարող են գնալ. «Մենք այնպես կանենք, որպեսզի չխանգարենք այցելուների մուտքին»։
Նշենք, որ «Բիդեք» ընկերությունից վստահեցնում են, որ աշխատանքներն իրականցնում են պրոֆեսիանալ, հուշահամալիրին անդառնալի վնաս չի հասցվել, ինչպես պնդում են մի շարք գործիչներ, իսկ մույթերի քանդված սալիկները փոխարինելու են նորերով։ Իրենց ուղղված քննադատություններից միայն մեկի հետ են համաձայն՝ շինհրապարակը պատշաճ տեսքի չի եղել։ Այդ պատճառով հրաժավել են իրենց բանվորական աշխատանքներ մատուցող ընկերության ծառայություններից։



