«Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մելիտա Գաբրիչի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սլովենիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու կարևորել շփումների շարունակականության պահպանումն ու խորացումը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանում Սլովենիայի կողմից իրականացվող հումանիտար ծրագրերը։
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ այս համատեքստում կարևորելով ԵՄ անդամակցության սլովենական փորձի ուսումնասիրությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել