Իսրայելը կրկնակի հարված է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և բուժաշխատողներ։

Առաջին հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, մյուս 19-ը զոհվել են երկրորդ հարվածից հետո։ Ընդ որում, երկրորդ հարվածը հասցվել է դեպքի վայր փրկարարների և լրագրողների ժամանումից հետո։

Զոհված լրագրողներից հինգն աշխատում էին միջազգային լրատվամիջոցներում, ներառյալ՝ Associated Press-ում, Reuters-ում, Al Jazeera-ում և Middle East Eye-ում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղի ունեցածն անվանել է «ողբերգական պատահար», ինչի համար Իսրայելը «խորապես ցավում է», և հայտարարել, որ զինվորականներն իրականացնում են «մանրակրկիտ հետաքննություն»։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հարվածներից տուժել են անհետաձգելի բուժօգնության, ստացիոնար և վիրաբուժական բաժանմունքները։ Կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը նշել է, որ վնասվել է նաև շարժական հրդեհային սանդուղքը։ Ականատեսների վկայությամբ՝ երկրորդ հարվածը ուղիղ հասցվել է փրկարար ծառայության աշխատակիցներին և լրագրողներին։ Համացանցում հրապարակված կադրերից երևում են զոհերի մարմինները։ Զոհերից մեկը Reuters-ի օպերատոր Խուսամ ալ-Մասրին է։ Գործակալություը փոխանցել է, որ նա զոհվել է հիվանդանոցին առաջին հարվածի ժամանակ, երբ ուղիղ հեռարձակում էր իրականացնում Reuters-ի համար։ 33-ամյա Մարիամ Դագգան Associated Press-ի թղթակից էր ու հիվանդանոցից պարբերաբար տեսանյութեր էր պատրաստում։ Մուհամմեդ Սալաման էլ աշխատում էր Al Jazeera-ում և Middle East Eye-ում։ Զոհվել է Middle East Eye-ի ևս մեկ լրագրող՝ Ահմադ Աբու Ազիզը։ Մուաթհ Աբու Թահան էլ համագործակցում էր տարբեր պարբերականների հետ, այդ թվում՝ իսրայելական Haaretz-ի։ Իսրայելը միջազգային լրատվական գործակալությունների աշխատակիցներին թույլ չի տալիս մտնել Գազայի հատված։ Լրատվամիջոցներն օգտագործում են տեղի թղթակիցների կադրերն ու նյութերը։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 190 լրագրող, որոնց մեծ մասը պաղեստինցիներ են, որոնք զոհվել են իսրայելական հարվածների հետևանքով։ Երկու շաբաթ առաջ էլ իսրայելական հարվածի հետևանքով զոհվել էր Al Jazeera-ի լրագրող Անաս աշ-Շարիֆը։ Իսրայելական կողմը պնդում էր, թե, իբր, լրագրողը ղեկավարում է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումներից մեկը։ Խան-Յունիսի Նասեր հիվանդանոցին իսրայելական հարվածները քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը և այլն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ չի իմացել հարվածների մասին, իսկ, պատասխանելով իր արձագանքի մասին լրագրողի հարցին, նշել է, որ «ուրախ չէ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել