Razm.Info_ն գրում է.
Սեպտեմբերի վերջին մի քանի հայ բլոգերներ, որոնց թվում էր նաև Ռազմինֆոյի լրագրող Անի Մարգարյանը, հանդիպել են ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին։
Վերջինս պատասխանել է Ռազմինֆոյի հարցին՝ պատմելով զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման հանգամանքների մասին։
«Ցավում եմ դեպքի առնչությամբ։ Հակոբ Ինջիղուլյանը հակառակորդի կողմում պատահական է հայտնվել։ Նա այնպիսի զինծառայող չէր, որ մտածված անցներ սահմանը։ Եվ եթե նպատակ ունենար անցնել սահմանը, հետը կվերցներ հագուստ ու անձնական այլ իրեր։
Դիրքում որոշակի բացթողումներ են եղել, որի պատճառով զինծառայողը հարկադրված է եղել դուրս գալ իր դիրքից ու գնալ ջուր բերելու այլ տեղից։ Ամառվա շոգին այս գործողությունը երկար է տևել։ Ինջիղուլյանը, որն այդ օրն արդեն երրորդ անգամ էր գնացել ջուր բերելու, պառկել է մի քիչ հանգստանալու հակատանկային խրամում։ Ուշ ժամ է եղել, երբ փոսում արթնացել է, տեղում չի կողմնորոշվել։ Այդ հատվածն այնպիսին է, որ հնարավոր է անցնել հակառակորդի կողմ։ Տեսանյութում իր արտահայտած մտքերն իմացեք, որ ասվում են հակառակորդի ճնշումների ներքո, ինքն այլ բան չէր կարող ասել, միևնույն է կպարտադրեին, որ ասի։
Ամեն դեպքում, մեր մեղքն է, մենք ընդունում ենք։ Մեղավորներն արդեն պատժվել են։ Դիրքի ջրի մատակարարմամբ զբաղվող, ինչպես նաև Ինջիղուլյանի բացակայությունը ժամանակին չնկատած, իր հետևից չգնացած անձինք հանված են պաշտոնից», — մանրամասնել է ՊԲ հրամանատարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել է, թե Հակոբ Ինջիղուլյանը իբր ցանկություն է հայտնել գնալ երրորդ երկիր։
Սաիլովը լրատվակայքերից մեկին ասել էր. «Ինջիղուլյանի փաստաթղթերը շուտով ուղարկվելու են Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչություն։ Դրանից հետո կորոշվի՝ որ երկրին հանձնել ռազմագերուն»։
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ամենայն հավանականությամբ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը՝ հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի վերահսկվող տարածքում։