Վերջին օրերին հանրային դաշտում տարածվել է մի հոդված, որտեղ պնդվում է, թե իբր Հայաստանում ինքնասպանությունների զգալի մասը կապված է խաղամոլության հետ։ Այս պնդումը ոչ միայն չի հիմնվում որևէ պաշտոնական վիճակագրության վրա, այլև խեղաթյուրում է իրական պատկերն ու մոլորեցնում ընթերցողին։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված վերջին պաշտոնական տվյալները (տես հղումը՝ https://armstat.am/file/article/sv_06_25a_510.pdf) ներառում են ինքնասպանությունների դեպքերի թիվը տարիքային և սեռային բաժանումով, ինչպես նաև վիճակագրական մեթոդաբանությունը։ Այդ տվյալներում չկա որևէ ցուցանիշ կամ բաժանում ըստ կոնկրետ պատճառների, այդ թվում՝ «խաղամոլության» կամ այլ սոցիալ-հոգեբանական գործոնների։
Պաշտոնական վիճակագրության մեջ ինքնասպանությունների պատճառների նման բաժանում պարզապես չի կատարվում։ Հետևաբար՝ առանց փաստացի աղբյուրի և հստակ ապացույցների հրապարակված ցանկացած պնդում, թե այս կամ այն սոցիալական երևույթն է հիմնական պատճառը, ոչ միայն անընդունելի է, այլև հակասում է լրագրողական էթիկային և պատասխանատվությանը։
Հատկապես զգայուն և ցավոտ թեմաների դեպքում, ինչպիսին է ինքնասպանությունը, լրատվամիջոցները պարտավոր են խուսափել սենսացիոն վերնագրերով շահարկումներից։ Այսպիսի մոտեցումները ոչ միայն աղավաղում են հանրային ընկալումը, այլև կարող են լուրջ վնաս հասցնել ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ նրանց ընտանիքներին։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալները հասանելի են բոլորին, և յուրաքանչյուր ոք կարող է անձամբ ծանոթանալ դրանց՝ օգտվելով Վիճակագրական կոմիտեի հրապարակումների բաց հարթակից։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին և հանրային հարթակների օգտատերերին առաջնորդվել ստուգված փաստերով և խուսափել իրականության հետ կապ չունեցող նյութերի տարածումից։



