ԱԺ-ում հայտարարություների ժամի հայտարարությունս տեքստը՝
Հարգելի գործընկերներ, այսօր պիտի իրականության ընկալման մասին խոսեմ, ավելի կոնկրետ այն մասին, թե արդյոք մեր երկրում բոլոր մակարդակների որոշում կայացնողներն են ադեկվատ ընկալում իրականությունը:Հայտնի փաստ է,որ ցանկացած բուժում անիմաստ է, եթե ախտորոշումը սխալ է արված, եթե օրգանիզմը մաշող համակարգային հիվանդության դեմ,ասենք, թեթև մրսածության հաբեր են առաջարկվում:Ես չունեմ տպավորություն, որ օրենքներ ընդունելիս, բյուջեի նախագիծ մշակելիս, միջնաժամկետ զարգացման ծրագրեր հաստատելիս, աշխատավարձ ու թոշակ բարձրացնելիս կամ չբարձրացնելիս մենք մինչև վերջ հասկանում ենք, թե որ իրականության մեջ և որ իրականության համար ենք այդ որոշումները կայացնում:
Իսկ իրականությունն ամենևին էլ լավը չի:Ունենք ծայրը ծայրին արդեն վաղուց չհասցնող հասարակություն, որի իրական եկամուտները տարեց տարի նվազում են:Ունենք բարձր գնաճ, բարձրացված սակագներ և սարսափած սպասում ենք գալիք ծանր ձմռանը:Ունենք տնտեսություն, որը խեղդվում է առանց լուրջ ներդրումների և որի սուբյեկտների էական մասը ճկել է հարկային բեռի տակ:Եվ այս ամենը համատարած հուսալքության միջավայրում: Անելանելիության զգացումը ամենատարածված զգացումն է դարձել:Սա է իրականությունը, պարոնայք մեծ ու փոքր որոշում կայացնողներ, խնդրում եմ բոլոր որոշումները ա՛յս իրավիճակն ուղղելու համար կայացրեք:Եվ եթե ձեզ այլ իրականություն են ներկայացրում, մի՛ հավատացեք, որովետև իրականությունը հենց սա է:
Ես հավատում եմ, որ շատ ավելի արդար կլինի, եթե բոլորս միասին ազնվորեն բարձրաձայն ֆիքսենք, որ իրականությունը վատն է, խոսենք մեկ լեզվով ու իրար օգնելով փորձենք լուծումներ գտնել:Եվ ոչ թե մեկս ասի վատ է, մյուսն ասի դրական տենդենցներ կան, օրինակ եղանակի տեսության գործակցով երկու հարյուր երկրների մեջ հարյուրհիսուներերոդ տեղից իջել ենք հարյուրքսաներերոդը, մի երրորդն էլ լրիվ անհոգ երկրի պաշտոնյայի լայն ժպիտով անհասկանալի ինչ-որ ձևակերպումներ անի:Այլապես ուղղակի ամոթ է:Այլապես մարդիկ Մեղրիից մինչև Տաշիր էլի կշարունակեն այս բարձր ամբիոնից լսել խրոխտ ու, ինչպես ընդունված է ասել, հավակնոտ ծրագրեր ու կշարունակեն տարակուսած գլուխները տարուբերել, թե սրանց ուզածն ինչ է, սրանց արածն ինչ է:
Այսքանը:Եվ վերջում, հոռետեսություն տարածելու մեջ մեղադրված չլինելու համար ասեմ, որ վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ, որ մեր երկիրը դեռ բազմաթիվ հաղթանակներ է տոնելու ու բազում հաջողություններ է արձանագրելու:Ուղղակի վստահ եմ: