
Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերը հայտարարել է, թե արտահանման ոլորտում Հայաստանի ունեցած խնդիրների իրական պատճառն արտադրանքի որակի հետ է կապված, մինչդեռ սովորաբար գերիշխող է այն կարծիքը, որ 99% դեպքերում խնդիրը լոգիստիկան է:
Առաջին հայացքից զուտ տնտեսական կամ տնտեսագիտական բովանդակության այս հայտարարությունն իրականում ունի քաղաքական խորք: Խնդիրն այն է, որ Հայաստանում արտադրվող ապրանքները երբեք էլ աչքի չեն ընկնել իրենց աներևակայելի որակով, սակայն անցյալում գրեթե երբեք արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ չեն եղել և չեն եղել նախևառաջ այն պատճառով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները լավ են եղել: Հիմա արտահանման հետ կապված կան լրջագույն խնդիրներ. ՌԴ-ն հաճախ ստեղծում է այնպիսի լոգիստիկ խոչընդոտներ, որոնց մասին նախկինում անհնար էր անգամ պատկերացնել: Ասել կուզի՝ արտահանման հետ կապված մեր խնդիրները պայմանավորված են քաղաքական գործոններով, նախևառաջ այն քաղաքակնությամբ, որ Նիկոլն է վարում, հետևաբար՝ տնտեսվարողները պետք է պատասխան ակնկալեն քաղաքական իշխանություններից, այլ ոչ թե զբաղվեն ինքնախարազանմամբ:
Ինչ վերաբերում է որակին, ապա այո, այդ հարցում ևս լուրջ խնդիրներ կան, սակայն այդ խնդիրների վերացման հարցում ևս պետության դերակատարությունը վճռորոշ պետք է լինի: Արդյոք արվո՞ւմ է անհրաժեշտը՝ օգնելու արտադրողին՝ միջազգային որակի արտադրանք տալու, որպեսզի հնարավոր լինի հայկական ապրանքների սպառման շուկան ընդլայնել,որ «Made in Armenia»-ն դառնա որակի նշան:
Ոչինչ կամ շատ քիչ բան է արվում, ինչը բնական է. Նիկոլին Հայաստանը շենացնելու համար չէ, որ դրսի ուժերն իշխանության են պահում: