Կարծես փոխվում է սիրիական արտաքին ընդդիմության հռետորաբանությունն ու մոտեցումները. «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան» հաստատել է իր պատրաստակամությունը՝ սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու, որը, հնարավոր է, կայանա ս.թ. նոյեմբերի կեսերին: Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները դրդում են քաղաքական ընդդիմադրներին՝ վերանայելու սեփական գործելաոճը՝ խաղից դուրս չմնալու համար...Սիրիայի ներսում իսլամական ծայրահեղ արմատական տարրերի դերակատարության աճն ու անվերահսկելիության գործոնը, դրան զուգահեռ և նույն տրամաչափով երկրից դուրս՝ դիվանագիտական հարթակի ակտիվացումը միաժամանակ հարկադրում և հնարավորություն են ընձեռում քաղաքական ընդդիմությանը կենտրոնանալու սիրիական կարկանդակի բաժանման քաղաքական գործընթացների վրա՝ հավակնելով դրա որոշակի հատվածին, նախկին մաքսիմալիստական ու անհեռատես պահանջների փոխարեն: 
Այս ամենն, իհարկե, ընթացիկ գործընթացներ են, որոնք պահանջում են հակամարտության մասնակիցների համապատասխան վարքագիծ, հետևաբար այնքան էլ ճիշտ չի լինի դրանց հիման վրա երկարաժամկետ կանխատեսումներ կատարելը, սակայն ավելի քան 30 ամիս ձգվող հակամարտության հերթական շրջափուլը հետազոտելիս կարևոր պայման է փաստել նաև նրա հիմնական խաղացողների դիրքորոշումներում տեղի ունեցած շոշափելի տեղաշարժերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել